Տուբերկուլյոզ (թոքային)

 

Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է:Картинки по запросу տուբերկուլյոզ կարտինկի

Տուբերկուլյոզով հիվանդանում են նաև ընտանի կենդանիները, հիմնականում` խոշոր եղջերավոր անասունները և ընտանի թռչունները:

Տարբերում են`
— թոքային տուբերկուլյոզ,
— արտաթոքային տուբերկուլյոզ:

Թոքային տուբերկուլյոզն իր հերթին լինում է`
— առաջնային
— երկրորդային

Պատճառներ

Մինչ 1890-ականները մարդկությանը դեռեւս հայտնի չէր տուբերկուլյոզի առաջացման պատճառները` միայն 1892թ. գերմանացի գիտնական Կոխը հայտնաբերեց, որ տուբերկուլյոզի տարածման պատճառը ցուպիկ է, որը հիվանդից կարող է փոխանցվել շրջապատող աշխարհին: Ի դեպ, այդ բացիլները մինչ օրս էլ կրում են գիտնական Կոխի անունը:
Տուբերկուլյոզը փոխանցվում է հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև հիվանդ հավերի ձվի միջոցով: Հարուցիչը կարող է փոխանցվել կթվորուհիներին և հիվանդ կենդանիներին խնամող անձնակազմին:
Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ մարդն է` բացիլավոր հիվանդը, ում խորխի հետ արտադրվում են տուբերկուլյոզի բազմաթիվ միկոբակտերիաներ: Տուբերկուլյոզի բաց ձևի ժամանակ հիվանդը կարող է վարակել շրջապատողներին, եթե չպահպանի հիգիենային նախազգուշական միջոցառումները: Ի տարբերություն սերտ շփման` պատահական և կարճ շփման ժամանակ վարակումը հազվադեպ է լինում: Փակ ձևի սկզբնական շրջանում հիվանդներն այնքան էլ վտանգավոր չեն շրջապատի համար, բայց հիվանդության խորացման դեպքում հիվանդները սկսում են արտադրել հարուցիչներ:
Տուբերկուլյոզը ժառանգաբար չի փոխանցվում: Սակայն երեխան կարող է վարակվել ծնողներից, եթե նրանք խախտեն հիգիենայի պահպանման կանոնները: Այն առավել հաճախ տարածվում է օդակաթիլային ճանապարհով. հազալիս, փռշտալիս միկոբակտերիաներ պարունակող խորխի և թքի մանր կաթիլներն ընկնում են օդի մեջ, սենյակի հատակի և պատերի, ինչպես նաև կենցաղային առարկաների վրա: Հատկապես թույլ լուսավորված տեղերում մանրէները երկար պահպանում են իրենց կենսունակությունը:
Օրգանիզմում միկոբակտերիաների ներդնումը կարող է հանգեցնել վարակման, սակայն հիվանդությունը կարող է չառաջանալ: Այն ի հայտ է գալիս օրգանիզմում առկա այլ հիվանդությունների պատճառով, քանզի այդ հիվանդությունները նպաստում են դիմադրողականության անկմանը:

Պաթոգենեզ
Թոքային տուբերկուլյոզի ախտանշանները կախված են հիվանդության ձևից, հիվանդի տարիքից և այլ գործոններից:

Առաջնային տուբերկուլյոզի ժամանակ, որը սովորաբար առաջանում է մանկական տարիքում, վարակման առաջին օրերին և նույնիսկ շաբաթներին հիվանդության ոչ մի ախտանշան չի նկատվում, քանի որ երեխայի ներքին օրգաններում առաջացած փոփոխություններն այնքան աննշան են, որ անգամ ռենտգենաբանական մանրակրկիտ հետազոտությամբ չեն հայտնաբերվում: Բայց եթե Մանթուի ներմաշկային տուբերկուլինային փորձը դրական է (սովորաբար վարակումից 2 ամիս անց), և երեխայի մոտ ի հայտ են գալիս հիվանդության ընդհանուր ախտանշաններ (գունատություն, թորշոմածություն, քնի և ախորժակի վատացում, արագ հոգնելիություն, ջերմաստիճանի բարձրացում, գիշերային քրտնարտադրություն և այլն), այդ ախտանշանները վկայում են տուբերկուլյոզային թունավորման առկայությունը, որը հազվադեպ է հանդիպում: Նման դեպքերում երեխաները հաճախ են հիվանդանում սուր շնչառական հիվանդություններով:

Միկոբակտերիաները թոքերում տեղադրվելիս կարող են առաջացնել բորբոքային օջախ` լոռանման քայքայումով, որը զուգակցվում է բրոնխային ավշահանգույցների բորբոքման հետ (առաջնային տուբերկուլյոզային համալիր): Հիվանդությունը մեծ մասամբ բարեհաջող է ընթանում. օջախը շրջապատվում է պատիճով, այնուհետև աստիճանաբար կրակալվում, և առաջանում է << այսպես կոչված >> Հոնի օջախ, որը կարող է մարդու ամբողջ կյանքի ընթացքում իրեն զգացնել չտալ և հայտնաբերվել միայն ռենտգենաբանական հետազոտության ժամանակ: Եթե օրգանիզմը (հատկապես երեխայի) որևէ պատճառով թուլանում է, առաջնային տուբերկուլյոզային համալիրը կարող է հիմք ծառայել գործընթացի տարածման համար: Այդպիսի դեպքերում ջերմաստիճանը բարձրանում է և ի հայտ է գալիս հազը: Կրծքի երեխաների մոտ հաճախ առաջանում են բարդություններ (տուբերկուլյոզային ուղեղապատյանաբորբ, կրծքամզի բորբոքում): Ժամանակին բժշկի դիմելը, ճիշտ բուժումն ու խնամքը հանգեցնում են լրիվ առողջացման:

Առաջնային վարակումից հետո բավականին հաճախ տուբերկուլյոզային փոփոխությունները տարածվում են ներկրծքային ավշահանգույցների վրա (առանց թոքային հյուսվածքի արտահայտված ախտահարման): Այդ ձևը կոչվում է տուբերկուլյոզային բրոնխադենիտ և սովորաբար ընթանում է բարեհաջող, քանի որ ավշահանգույցներում գոյանում են ախտահարման ոչ մեծ օջախներ: Սակայն վաղ մանկական տարիքում կարող են նկատվել բրոնխադենիտի բավականին ծանր ձևեր, որոնք ուղեկցվում են հազով և շնչառության դժվարացմամբ: Ավելի ծանր ընթացքի դեպքում հարկավոր է երեխային տեղափոխել հիվանդանոց կամ հատուկ առողջարան:

Երկրորդային տուբերկուլյոզն ավելի հաճախ է հանդիպում: Այն առաջանում է թոքերի և ավշահանգույցների հին օջախներում: Հնարավոր է նաև կրկնակի վարակում տուբերկուլյոզային միկոբակտերիաներ արտազատող հիվանդի հետ երկարատև շփման ժամանակ:
Երկրորդային տուբերկուլյոզը կարող է սկսվել ցանկացած տարիքում: Ժամանակին չբուժելիս հիվանդությունն անընդհատ խորանում է: Առավել հաճախ առաջանում են մանր օջախներ` սովորաբար թոքերի վերին բլթերում: Երբեմն ի հայտ են գալիս տարբեր ձևերի ու մեծության խոշոր բորբոքային օջախներ: Որոշ դեպքերում հիվանդությունը երկար ժամանակ ընթանում է անախտանշան, բայց հիվանդը սովորաբար կորցնում է ախորժակը, նիհարում է, ջերմաստիճանը բարձրանում է, առաջանում է հազ, գիշերային քրտնարտադրություն և արագ հոգնելիություն: Հիվանդության սկզբում հազը լինում է չոր, միկոբակտերիաները արտազատվում են ոչ հաճախ: Սրացման շրջանները հետագայում փոխարինվում են մեղմացման շրջաններով: Ակնհայտ բարելավումը տևում է մի քանի շաբաթ, երբեմն` մի քանի ամիս, որից հետո նորից վրա է հասնում սրացումը` հազն ուժեղանում է, ջերմաստիճանն էլ` բարձրանում: Սրացումների շրջանում առաջանում են նոր օջախներ: Միայն արագ և երկարատև բուժումը, երբեմն նաև վիրաբուժական միջամտությունը, կարող են նման դեպքերում կանխել թոքերում տեղի ունեցող անվերադարձ փոփոխությունները:

 

Բուժում
Տուբերկուլյոզի բուժումն իրականացվում է խիստ բժշկական հսկողության տակ, սկզբում` հիվանդանոցում, այնուհետև` ամբուլատոր պայմաններում: Տուբերկուլյոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլյոզային դեղամիջոցներով, որոնք նշանակվում են երկար ժամանակով (9-12 ամիս, երբեմն` նույնիսկ ավելի):
Այս դեղամիջոցներն արագ վերացնում են հիվանդության ախտանշանները. ջերմաստիճանը դառնում է բնականոն, հազն ընդհատվում է, ընդհանուր ինքնազգացողությունը` լավանում: Բայց դա չի նշանակում, որ հիվանդը լրիվ բուժվել է: Հաճախ հիվանդները գերագնահատում են իրենց վիճակը և դադարում են հետևել բժշկի հրահանգներին: Դրանով նրանք անուղղելի վնաս են հասցնում իրենց, քանզի այդ դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործման կամ բուժման ընդհատման դեպքում կարող է զարգանալ կայունություն այդ դեղամիջոցներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ, որի դեպքում կզարգանա դեղորայքակայուն տուբերկուլյոզ։ Բուժված լինելու փաստը կարող է հաստատել միայն բժիշկը: Տուբերկուլյոզի բուման ժամանակ պարտադիր օգտագործում են օրգանիզմի պաշտպանական ուժերն ամրապնդող մեթոդներ: Առողջարանային ռեժիմը (ուժեղացված սնունդ, չափավոր ֆիզիկական բեռնվածություն) ունի էական նշանակություն: Որոշ դեպքերում վիրաբուժական ժանապարհով հեռացնում են թոքերի, երիկամների և տուբերկուլյոզով ախտահարված այլ հատվածներ:

Տուբերկուլյոզի բոլոր ձևերի հաջող բուժման նախադրյալներն են բժշկի սահմանած ռեժիմի պահպանումը, բազմատեսակ, վիտամիններով հարուստ սնունդը, ինչպես նաև մաքուր օդը (անհրաժեշտ է հիվանդի սենյակը մշտապես օդափոխել): Ժամանակին կիրառված համալիր բուժումը թույլ է տալիս բուժել հիվանդների ճնշող մեծամասնությանը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի կողմից \»Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում\» դրամաշնորհային միջոցներով Երևանի մի շարք համայնքներում, ինչպես նաև հանրապետության մարզերում տուբերկուլյոզի դեղակայուն ձևերով հիվանդների բուժման նպատակով բացվում են դեղակայուն հիվանդների բուժման կաբինետներ, հրավիրվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ, վերապատրաստվում են մասնագետներ, նախատեսվում է դեղակայուն հիվանդների ընդլայնված սոցիալական աջակցություն:

Կանխարգելում
Տուբերկուլյոզի կանխարգելումը կատարվում է 3 եղանակով`
— սոցիալական կանխարգելում,
— սանիտարական կանխարգելում,
— առանձնահատուկ հակատուբերկուլյոզային կանխարգելում:

Տուբերկուլյոզի սոցիալական կանխարգելումը միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակչության առողջության բարելավումն է: Այն նեռառում է ինչպես կյանքի նյութական պայմանների և կենցաղավարման մակարդակի

Տուբերկուլյոզ (թոքային)

բարելավումը, այնպես էլ սանիտարական գիտելիքների տրամադրումը:

Տուբերկուլյոզի սանիտարական կանխարգելումն իրենից ենթադրում է հիվանդության բաց ձևով հիվանդների շտապ հոսպիտալացում, ինչպես նաև բնակչության զանգվածային (հատկապես հանրակացարաններում ապրողների) պարբերաբար հետազոտությունների անցկացում:
Վարակման վտանգն առավել իրական է ընտանեկան սերտ շփման մթնոլորտում, ուստի հիվանդների հետ շփված բոլոր անձինք պետք է գտնվեն հակատուբերկուլյոզային դիսպանսերի հսկողության տակ: Տեղամասային բուժքույրն ամեն ամիս պետք է այցելի հիվանդին և հետևի, որ նա ճշտությամբ կատարի բժշկի նշանակումները, ինչպես նաև նա պետք է ընտանիքի անդամներին սովորեցնի հիվանդության կանխարգելման անձնական միջոցառումները, հատկապես` անձնական օգտագործման առարկաների վարակազերծման մեթոդները:

Խորխը հավաքելու համար յուրաքանչյուր հիվանդ պետք է ունենա թքաման. խորխը հավաքում են մինչև թքամանի կեսը լցվելը, այնուհետև վրան ավելացնում են չոր քլորակիր (10 մլ-ին` 2 գ), խառնում են և 2 ժամ թողնում են թքամանի մեջ: Վարակազերծելուց հետո պարունակությունը թափում են կոյուղի, իսկ թքամանը լվանում են սովորական եղանակով:

Հիվանդի սպիտակեղենը (հատկապես թաշկինակները և սրբիչը) հարկավոր է հավաքել առանձին տոպրակի մեջ, լվանալուց առաջ գիշերը թրջել քլորամինի լուծույթով և 30 րոպե եռացնել: Հիվանդի համար առանձնացնում են ամանեղեն, որն առանձին են լվանում (ցանկալի է 15 րոպե եռացնել 2 %-անոց օճառասոդային լուծույթում):
Հիվանդի հագուստը հարկավոր է հաճախ արդուկել և օդափոխել արևի տակ: Հիվանդի սենյակը հարկավոր է պաշտպանել ճանճերից: Երբ հիվանդին հոսպիտալացնում են, սենյակում կատարում են վերջնական վարակազերծում. սենյակի հատակն ու պատերը լվանում են վարակազերծող լուծույթով, իսկ 2 ժամ անց բնակարանը մաքրում են ու չորացնում: Խորհուրդ է տրվում պատերն ու առաստաղը սպիտակեցնել կամ պաստառները փոխել:

Առանձնահատուկ հակատուբերկուլյոզային կանխարգելումն իրականացվում է ԲՑԺ վակցինայով, որը ստացել են ֆրանսիացի գիտնականներ Կալմետը և Գերենը: Վակցինացումը կատարվում է պարտադիր կարգով բոլոր նորածիններին, եթե հակացուցումներ չկան: Պատվաստված երեխաների հիվանդացության մակարդակը մի քանի անգամ ցածր է: Վակցինայի ազդեցության տևողությունը 4-5 տարի է, որից հետո իմունիտետն աստիճանաբար մարում է: Դրա համար մինչև 30 տարեկանը պարբերաբար կատարում են կրկնակի վակցինացում:

Տուբերկուլյոզի բաց ձևով հիվանդների հետ շփվող երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև հիվանդության բարձր ռիսկով հակված անձանց նշանակում են քիմիականխարգելում` հակատուբերկուլյոզային պատրաստուկների ներարկում 3 ամիս ժամանակով:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: