Հայկական առած֊ ասացվածքները ժողովրդական խոսքի շտեմարան

Առած-ասացվածքները ուղիղ և փոխաբերական իմաստ ունեցող պատկերավոր  ասույթներ  ու դատողություններ են, որոնցում  կյանքի յուրաքանչյուր երևույթ բնութագրվում է  հակիրճ, սրամտորեն և կատարյալ ամբողջականությամբ: Ինչպես ժողովրդական բանարվեստի մյուս ձևերը, առած-ասացվածքները ևս առաջացել են խոր հնադարում և հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց արտացոլել ժողովրդի դարավոր կենսափորձը,  պատկերացումներն ու բարոյախոսությունը,  տարբեր դարաշրջաններում ժողովրդի կյանքում տեղ գտած սոցիալական անհավասարությունները, ապագայի հանդեպ լավատեսությունն ու ձգտումները:

Առած-ասացվածքները մաթեմատիկական ճշգրտություն, կուռ տրամաբանություն  ունեցող խոսքային  բանաձևումներ են, որոնցում խտացված են ամեն առարկայականի հանդեպ ժողովրդի  ունեցած պատկերացումները: Նրանց մեջ բառերը քիչ են, իսկ մտքերը՝ շատ ու խորիմաստ:

Շատ լայն են հայկական առած-ասացվածքների թեմաները, բովանդակային ընդգրկումը: Թե՛ բնությունը՝  իր տարրերով, երևույթներով, կենդանական ու բուսական աշխարհով և թե՛ մարդկային կյանքն ու կենցաղը՝ իր առարակայական  դրսևորումներով անսպառ աղբյուր են եղել հայ մարդու մտքի ու երևակայության համար:  Դրանով է հավանաբար պայամանավորված այն փաստը, որ  հայկական առած-ասացվածքներն  առանձնանում են իրենց ձևի և բովանդակության ինքնատիպությամբ:  Սույն հոդվածի շրջանակում նպատակ ունենք քննելու հայկական առած-ասացվածքների կառուցվածքային մի քանի առանձնահատկություններ:

Մեր առած-ասացվածքների պոետիկային բնորոշ հատկանիշներից մեկը նրանց  սեղմությունն ու հակիրճությունն է, պարզությունն ու դիպուկությունը:  Ամենախորիմաստ  ու ընդարձակ մտքերն անգամ  արտահայտվում են մի քանի բառով, հակիրճ  ու  պարզ: Այսպես օրինակ՝

Մի ձեռը ծափ չի տա:

Ղարիբի  ուշքը միշտ ետևն ա:

Փետի ցեցը իրանից կըլի:

Թանկից էժանը չկա:

Ո՛չ մարդանման, ո՛չ մարդահավան:

Ուտող ուրացող:

Ծռուն դատավոր չեն էնե:

Ձմեռվան ծաղիկը կրակն է։

Հայկական առած-ասացվածքների  մի ստվար խումբ իր կառուցվածքով երկանդամ   ստեղծագործություն է:  Այդ անդամներն առանձին, ինքնուրույն  միտք ու միավոր են, հաճախ՝ իրար հակադիր միավորներ, բայց փոխադարձաբար կապված են իրար և լրացնում են միմյանց:  Սովորաբար դրանք  բարդ համադասական  կառույցներ են՝  կազմված քերականորեն իրար համազոր, հավասար նախադասություններից, որոնցում առանձնահատուկ տեղ ունեն ոչ միայն բառային կրկնություններն ու հականիշները, այլև գործողության հակադրությունը: Ահա դրանցից մի քանիսը՝

Շատ դատողին՝ շալե շապիկ, քիչ դատողին՝ շարե (մետաքս) շապիկ:

Մոր գովածը թող ու փախի, դըրկըցին  գովածը՝ առ ու փախի:

Մեկը կա՝ հազար արժե, հազար կա՝ մեկ չարժե:

Մի՛ ունեցիր հարյուր դահեկան,  ունեցի՛ր երկու բարեկամ:

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:

Հայկական առած-ասացվածքներում  շատ են հանդիպում և այնպիսիները, որոնցում նկատելիորեն ամուր է պատճառահետևանքային կապը: Իրենց քերականական կառուցվածքով դրանք սովորաբար բարդ ստորադասական նախադասություններ են,  որոնք ցույց են տալիս՝

  • գործողության հաջորդականություն (մինչև մեկը չլինի, մյուսը չի հաջորդի)

Մինչև գարուն չգա, ծառ պտուղ չի տա:

Չցանես նը, չես կանա քաղի:

Կարմիր ձու տու, կարմիր օր տամ:

  • մի գործողության պատճառով մյուսի ավարտ (մինչև մեկը եղավ, մյուսը վերացավ)

Մինչև թուրն էկավ, լեզուն գլուխը կտրեց:

Մինչև առուն վարարի, գորտի աչքը հո դուրս կգա:

Մինչև հաստը բարակի, բարակի հոգին  դուրս կգա:

Հայկական առած-ասացվածքներում կարևոր տեղ ունեն իրադրությունների կոմիզմը,  հումորը, հեգնանքն ու  երգիծանքը: Դրանք քննադատական խոսքի ամենադիպուկ տարրերն են,  որոնք  բոլոր ժամանակներում բնորոշ են եղել մեր ժողովրդի մտածողությանը: Անշուշտ,  կոմիզմը, հումորն  ու հեգնանքը ավելի մեղմ են ու հանդուրժող, իսկ ահա  երգիծանքը՝  ավելի սուր  ու անողոք, որում շատ ավելի խորն են քննադատվում  մարդկային ամենատարբեր արատները,  բարոյազուրկ մարդն ու նույնքան բարոյազուրկ երևույթները.

Ո՜վ դատի, ո՜վ ուտի:

Ո՜վ գողացավ կարագը, ո՜ւմ գցեցին մարագը:

Մի խելքը ամառ-ձմեռ ի՞նչ կանի:

Ձիու բազարում էշն ինչացո՞ւ ա:

Սար ու ձոր տերտերի փոր:

Քահանեն ու սատանեն մեկ են:

Ագռավը ինչքան լողանա, ղազ չի լինի:

Շուշանը շփոթ էփել չգիտեր, վանքի խավծարար դրին:

Բազարում ապրանքի հետ հոգի էլ են ծախում:

Հայկական առած-ասացվածքներում հաճախ են հանդիպում սուր և խորիմաստ երկխոսություններ: Դրանք ժողովրդական կենդանի խոսքի փայլուն դրսևորումներ են, որոնք  լեզուն դարձնում են ճկուն, ռիթմիկ ու խաղացկուն: Օրինակ՝

Շորն ասաց. – դու ինձ պահի բողչամիջին, ես քեզ պահեմ մարդամիջին:

Ա՜յ քչեր, ո՞ւր կերթաք: — Շատերի կուշտը:

Պտուկն ասեց, տակս ոսկի ա, շերեփն  ասեց՝ բա ես ո՞րդից եմ գալի:

Գիժը գնաց հարսանքատուն, ասաց՝ ըստեղ լավ ա, քանց մեր տուն:

Օխտը քենակալ մի ճամփով գնում ին, ասեցին. — Մի մարդ  էլ չկա, որ հետը խոսանք:

Ագռավն ասաց իր ճտին՝ մեռնեմ քու  սիպտակ տոտին:

Հայկական առած-ասացվածքների մի  մեծ խումբ  էլ չափածո խոսք է՝  տողավերջի  հանգավորումներով,  ռիթմիկ չափերով և հնչյունանմանություններով: Ահա մի քանի օրինակներ՝

Աշխարհն արոտ,  մենք մեջը կարոտ:

Տեղ կա ծով ա, տեղ կա սով ա:

Էկան տեսան՝ խեղճ ֆուխարա, զարկին գլուխն արին յարա:

Էկար մեր մեշեն, սավրի մեր փեշեն:

Հավը կածե, ուրուըը կտանե:

Մեր կա մերուկ է, մեր կա փտած ձմերուկ է:

Իր ստեղծողի՝ հայ ժողովրդի մտքի ու երևակայության պես հարուստ, խորն ու անսահման են հայկական ժողովրդական  առածներն ու ասացվածքներն իրենց թեմաներով,  գաղափարական բովանդակությամբ, ասելիքով, պատկերավորությամբ ու կատարելիությամբ:  Ու քանի կա հայ ժողովուրդը,  ժողովրդական բանարվեստի այս տեսակը կենդանի  ու կենսունակ է  լինելու  ու շարունակելու է հարստացնել  մեր ժողովրդական խոսքի անհատնում շտեմարանը:

Օրորոցայիններ և մանկական խաղերգեր

Օրորոցային երգերը ժողովրդական ստեղծագործության քնարական երգատեսակ են, որոնք կոչվել են նաև հարյուր, լուրիկ, ճոր-ճոր, դանդան, նեննի, նանար։ Օրորոցային երգերում գերիշխող մոտիվները (մանկանն ուղղված գովք, բարեմաղթություն և այլն) հաճախ զուգորդվել են երգող մոր անձնական ապրումն արտացոլող մոտիվներով։ Արտահայտելով ժողովրդի սոցիալ-պատմական կյանքի տարբեր կողմեր ու իրողություններ, ընտանեկան–կենցաղային հարաբերություններ, զանազան հավատալիքներ ու պատկերացումներ՝ օրորոցային երգերն ունեն պատմաճանաչողական արժեք։ Հայ ժողովրդական օրորների առավել զարգացած նմուշներն իրենց բանաստեղծական-երաժշտության ձևով ու բովանդակությամբ լիովին կազմավորված երգեր են և կազմում են ազգային ավանդական քնարական երգարվեստի մի նշանակալից ժանրը։

Օրորոցային երգը պատկանում է հայ ժողովրդական ավանդական երգային ժառանգության հնագույն և ամենակենսունակ ժանրերի թվին։ Մեր բազմադարյա պատմության ընթացքում ամենուրեք, որտեղ եղել է ծնունդ և օրորոց, միշտ հնչել է օրորոցային երգը, որով հայ կինն իր սիրասուն մանկան գովքն է արել, արտահայտել իր անսահման սերն ու գորովը։

Օրորոցային երգի միջոցով է ստեղծվել ու ամրապնդվել հոգևոր կապը մոր և մանկան միջև։ Օրորոցային երգով են սկզբնավորվել երեխայի գեղարվեստական ընկալումները, որոնք հետագայում ձևավորելու էին նրա հոգեկան կերտվածքը։ Մորից լսած օրորով էր մանուկը հաղորդակից դառնում իր հարազատ հայ երգին։ Այսօր էլ օրորոցային երգը չի կորցրել իր կարևոր նշանակությունը, ուստի և անհրաժեշտ ենք համարում օգնել երիտասարդ մայրերին կենցաղ վերադարձնելու մեր հիասքանչ օրորները, որոնք բացի իրենց կիրառական գործառույթից ունեն նաև գեղարվեստական բարձր արժեք։

Օրորոցային երգեր

Նենի ըսիմ, քնցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜, նենի՜,

Անուշ քընեն թռցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜:

Դնիմ զավակս օրոր անեմ

Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր…

Պագնիմ անուշ բերանը, Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր…

Օրոր ըսիմ, շորոր լսիմ, վլենաս,
Դու պստիկ իս բարով մեծանաս, հարս դառնաս:
Օրորալեն, շորորոլեն Վան գացինք,
Ախպորս համար մի խորոտիկ հարս բերինք
Օրորալեն, շորորոլեն գացինք Ղարս,
Ախպորս համար բերինք շատ խորոտիկ հարս:
Օրորալեն շորորալեն գացինք Մուշ,
Ախպորս համար բերեցինք հարս շատ անուշ:

Րուրի կենեմ գրկանոցին,
Անդրանիկի քաջ զինվորին,
Օրորի, շի՜շ, օրորի շի՜շ,
Իմ մեկ ու ճար օրո՜ր, օրո՜ր…
Օրորի, շի՜շ, օրորի, շի՜շ,
Իմ անուշ գառ, օրո՜ր, օրո՜ր…

Կարդալով և ունկնդրելով այս օրորոցային երգերը եկա այն եզրահանգմանը, որ յուրաքանչյուր մանուկ կարիք ունի լսելու իր ազգային և ավանդական օրորոցային երգերը,և պետք է այնպես անենք որ մեր նախնիների ստեղծածը անտարբերության չմատնվի այլ ծաղկեցնենք, ապրեցնենք և տարածենք։ Քանի որ այդ ամենը նրանք ստեղծել են որ փոխանցվի սերնդեսերունդ։

Իմ իմացած օրորոցային երգերն են

Արի իմ սոխակ , Քուն եղիր բալաս ,Խիո խիո, Նանիկ ասեմ բալիկիս

Պանդխտության երգեր

1.Պանդխտության երգերն ուրիշ ինչպե՞ս են կոչվում մեզանում:

Ղարիբի երգեր կամ անտունիներ:

2.Հայ ո՞ր հեղինակներն են  գրել ստեղծագործություններ պանդխտության  թեմաներով:

Պանդպտության երգեր գրել են Նահապետ Քուչակը, Ավետիք Իսահակյանը, Դանիել Վարուժանը, Կոմիտասը:

3.Հետևյալ պանդխտության թեմաներով երգերն ու խաղիկները տեղադրի՛ր քո բլոգում:

Պանդխտության երգեր և խաղիկներ  

ԿՌՈՒՆԿ

Կռո՛ւնկ, ուստի կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
Մի՛ վազեր, երամիդ շուտով կըհասնիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՛ս։

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՛խ կանեմ, կը քաղվի հոգիս,
Կռո՛ւնկ, պահ մի կացիր, ձայնիկդ ի հոգիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Աշունն է մոտեցել, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողովել հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա՛, հեռացի՛ր։

ԱՆՏՈՒՆԻ

Սիրտըս նման է էն փըլած տըներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ,
Բուն պիտի դընեն մեջ վայրի հավքեր,
Երթամ, ձի թալեմ էն գարնան գետեր,
Ըլնեմ ձըկներու ձագերացըն կեր,
Ա՜յ, տո լաճ տընավեր։

Սև ծով մ’եմ տեսե, սիպտակն էր բոլոր,
Ալին կըզարներ, չէր խառնի հիրոր,
Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,
Անտունի սիրտն է պըղտոր ու մոլոր,
Ա՜խ, իսկի մի լնիք սըրտիկ սևավոր,
Ա՜յ, տո լաճ տընավեր։

ՂԱՐԻԲ ԵՄ, ՆՈՐ ԵՄ ԵԿԵԼ

Երկեն արտը գարի ա,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Խոսքերրդ շաքարի ա,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Նախըրգընեն ուռի ծառ,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Խնձոր գըցեմ, արի, տար,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Խընձոր ունիմ, կըծած ա,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Չորս բոլոր արծթած ա,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Տըղա, ալ ձիդ խաղցրու,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Սիրածըդ առ ու փախցրու,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

ԿԱՅՆԵԼ ԵՄ, ԳԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ

Կայնել եմ, գալ չեմ կարող,
Լըցվել եմ, լալ չեմ կարող
Քանի որ գնացել ես,
յար ջան,
Անունըդ տալ չեմ կարող։

Աչքերըս ճամփիդ մընաց,
Խելքըս ինձանից գընաց,
Քո սիրուն, իմ գըլխի տեր
յար ջան,
Յոթն օր մընացի քնած։

Լալվարա ջուրը սառն ա,
Օտարությունը դառն ա.
Տունըդ դարձիր, իմ աղբեր
յար ջան,
Բոլորքըս պըստիկ գառն ա։

ՀԵՌՈՒ ՏԵՂ ՅԱՐ ՈՒՆԵՄ

Հեռու տեղ յար ունեմ,
Ծաղկած սար ունեմ,
Հոտավետ ծաղիկ է,
Բուրմունքին մեռնեմ
Չի գալիս որ տեսնեմ
Կարոտս առնեմ։

Արի յար, արի յար,
Սիրած աղջիկդ եմ,
Քո ճամբին վարդ, մանուշակ,
Նարգիզ կըցանեմ։

Մեզի մոտ գարուն է,
Վարդեր են բացվել,
Ամեն վարդ քաղելիս,
Միշտ քեզ եմ հիշել,
Քո գալու օրերին,
Շատ եմ սպասել։

Արի յար, արի յար…

Բըլբուլ եմ պարտեզում,
Ես քեզ եմ երգում,
Սիրտս վառ կրակ է,
Ախ մարող չունեմ,
Առանց քեզ անուշ յար,
Հանգիստ քուն չունեմ։

Արի յար, արի յար…