Դիպլոմային նախագիծ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր պետական քոլեջ

Թեմա ՝ Լեզվական խաղերը՝ որպես նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց

Ուսանող՝ Արփինե Աթալյան

Ղեկավար՝ Լիլիթ Սահակյան

ԵՐԵՎԱՆ 2020

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1

Նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացումը

1.1 Երեխայի խոսքի և հաղորդակցության զարգացման կարևորությունը

1.2 Խոսքի զարգացման մեթոդական սկզբունքները

1.3 Երեխայի խոսքի զարգացման նպատակն ու խնդիրները

Գլուխ 2

Լեզվական խաղերը`որպես հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց

2.1 Խաղը երեխայի կյանքում

2.2 Խաղի տեսակները

Հիմնական մաս

Ամփոփում

Օգտագործված գրականություն

Եզրակացություն

Ներածություն

Հոգեբաններ Լ. Ս. Վիոտսկին, Ա. Լ.Լեոնտևը և ուրիշներ ապացուցել են, որ երեխայի հոգեկան բոլոր գործընթացները ( հիշողություն, ուշադրություն, մտածողություն, ըմբռնում) ձևավորվում են խոսքի միջոցով: Խոսքը հոգեկան բարդ գործընթաց է, որի զարգացումը կախված է մի շարք պայմաններից: Կարևորվում է շրջապատի միջավայրի ներգործությունը. երեխան սովորում է խոսել, ընդօրինակել մեծահասակներին, որոնք պետք է նպաստեն երեխայի ճիշտ, հստակ խոսքի ձևավորմանը: Բանն այն է, որ երեխան‚ վաղ տարիքից լսելով մաքուր, գեղեցիկ, ճիշտ խոսք՝ արդյունքում ձևավորում է սեփական խոսքը:

Երեխայի անձի ձևավորման և զարգացման մեջ խիստ կարևոր նշանակու­թ­յուն ունեն խոսքի և հաղորդակցության զարգացումը։ Հայտնի է, որ երեխայի մտա­ծո­ղությունն արմատական փոփոխությունների է ենթարկվում, երբ նա ունակ է դառնում լեզվական հաղորդակցության‚ և ուսուցումը նրան սովորեցնում է տիրապետել սեփական մտքերին (Լ.Ս.Վիգոտսկի)։

Երեխայի խոսքի զարգացումը, լեզվական հաղորդակցումն ու փոխազդե­ցու­թյունն իր անմիջական միջավայրի, շրջապատի հետ, հասակակիցների և մեծա­հա­­սակ­ների հետ համատեղ գործունեությունը նրա զարգացման ամենակարևոր գրավականներն են։

Հասարակության մեջ իր տեղը գտնելու համար մարդը պետք է արդյունավետ հաղորդակցվել սովորի։ Երեխան նախ շփվում է ծնողների հետ, այնուհետև նաև այլ մարդկանց, սովորում է հաղորդակցվել համատեղ գործունեության ընթացքում։ Այդ գոր­ծու­նեությունը կարող է լինել խաղ, ուսում, իր ուժերի չափով աշխատանք։ Այդ ըն­թացքում երեխան յուրացնում է իր միջավայրի սոցիալական փորձը, հասկա­նում է, թե ինչը ինչպես է արվում, սովորում է վարքի ու գործունե­ության նոր­մերն ու կանոնները, այսինքն՝ հասկանում է, թե ինչը կարելի է անել, իսկ ինչը՝ ոչ, ում հետ ինչպես կարելի է վարվել, որտեղ իրեն ինչպես պիտի պահի և այլն։ Իր շրջապատի սոցիալական նորմերի յուրացման այս գործընթացն էլ հենց սոցիալականացումն է։

Երեխայի վաղ սոցիալականացման ամենակարևոր կողմերից մեկը նրա հա­ղոր­դակցական կարողությունների ձևավորումն ու զարգացումն է։

Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի ամենաարդյունավետ ձևը խաղն է, քանի որ այդ տարիքում խաղը նրանց գործունեության հիմնական ձևն է։

Լեզվական խաղերը նպաստում են երեխայի խոսքի և հաղորդակցական հմտությունների ձևավորմանը ինչը դպրոցին նախապատրաստման կարևոր նախապայման է։

Դիպլոմային նախագծի նպատակն է

Ուսումնասիրել երեխայի խոսքի և հաղորդակցության զարգացման կարևորությունը նախադպրոցական տարիքում։ Ինչպես նաև փորձի միջոցով ցույց տալ‚ թե որքանով են լեզվական խաղերը նպաստում այդ կարողությունների զարգացմանը։

1.1. Երեխայի խոսքի հաղորդակցության զարգացման կարևորությունը

Օնտոգենեզում երեխայի խոսքի ձևավորումը և զարգացումը մշտապես եղել է բազմաթիվ հեղինակների ուշադրության կենտրոնում։
Վաղ տարիքում երեխայի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մայրենի լեզվին տիրապետելն է : Հենց այդ շրջանն է առանձնապես հարմար խոսքի զարգացման համար: Լեզուն իր բնույթով միջոց է, որի օգնությամբ մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ, փոխանակում մտքեր և հասնում փոխադարձ ըմբռնման։
Ինչպես արդարացիորեն նշում են‚երեխայի բառապաշարի զարգացումը պայմանավորված է մի կողմից մտածողության և մյուս հոգեկան գործընթացների զարգացմամբ, մյուս կողմից՝ խոսքի մյուս բաղադրիչների՝ հնչյունահնչութային և քերականական զարգացմամբ: Վերլուծելով օնտոգենեզում բառապաշարի զարգացումը՝ հեղինակները նշում են, որ առաջին իմաստավորված բառերը երեխայի խոսքում հայտնվում են սովորաբար կյանքի առաջին տարվա վերջում:Սակայն դրանց քանակը քիչ է, և բացի այդ, երեխան հազվադեպ է դրանք գործածում իր նախաձեռնությամբ:
Խոսքի զարգացումը հոգեկան բարձր իմացական գործընթաց է և սերտորեն կապված է մտածողության հետ։

Խոսքն ունի զարգացման իր փուլերը, որոնք ընթանում են երեխայի տարիքային առանձնահատկություններին համապատասխան։
Երեխայի խոսքի զարգացման համար շատ կարևոր է նաև զարգացնող խոսքային միջավայրը։

Զարգացնող է համարվում այն միջավայրը, որն իր ստեղծման մեթոդներով և հնարավորություններով խթանում է երեխայի ակտիվությունը։ Զարգացնող խոսքային միջավայրը երեխային մղում է ինքնաբուխ, ստեղծագործական գործունեության, որի շնորհիվ երեխան ձեռք է բերում անհատապես զարգանալու հնարավորություն։
Բառի նշանակությունը երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը զուգահեռ փոփոխվում է ողջ նախադպրոցական տարիքում: Բառապաշարի ակտիվացման, կատարելագործման հաղորդակցման զարգացման հնարավորությունը սերտորեն կապված է բառի նշանակության ընկալման հետ, որի հիման վրա տեղի է ունենում բառերի որոնումը, դրանց ընտրությունը, խոսքում իմաստով միավորված այլ բառերի զուգակցությամբ դրանց կիրառման ակտիվությունը:

1.2. Խոսքի զարգացման մեթոդական սկզբունքները

Երեխայի խոսքի ձևավորման գործընթացը կառուցվում է ոչ միայն ընդհանուր դիդակտիկական, այլև որոշակի մեթոդական սկզբունքների հիման վրա, որոնցով ղեկավարվելիս դաստիարակն ընտրում է համապատասխան մեթոդները, հնարքներն ու միջոցները: Այդ սկզբունքները ելնում են երեխայի լեզվի և խոսքի յուրացման օրինաչափություններից և արտացոլում են մայրենի լեզվի ուսուցման առանձնահատկությունները, լրացնում դիդակտիկական սկզբունքները։

Մասնագետներն առաջարկում են մայրենի լեզվի ուսուցման հետևյալ սկզբունքները

1.Երեխայի զգայական, մտավոր և խոսքի զարգացման փոխկապակցվածության սկզբունք.
Այն հիմնվում է որպես խոսքի լեզվամտածողական գործունեության վրա, որի զարգացումը սերտ կապված է շրջապատող աշխարհի ընկալման հետ: Խոսքը հիմնվում է մտածողության հիմք հանդիսացող զգայական պատկերացումների վրա և զարգանում մտածողության հետ համատեղ: Հարստացնելով երեխայի գիտակցությունը շրջապատող աշխարհի հասկացություններով մենք զարգացնում ենք նաև նրա խոսքը: Այստեղ պետք է հաշվի առնել նաև մտածողության առանձնահատկությունները, այսինքն՝ զարգացումը պետք է ընթանա կոնկրետ մտածողությունից դեպի վերացականը, պարզից դեպի բարդը:

2.Հաղորդակցական գործունեության սկզբունքը
Խոսքային գործունեության ընթացքում լեզուն հաղորդակման միջոց է: Այս սկզբունքը ենթադրում է, որ երեխայի խոսքի զարգացումը՝ որպես հաղորդակցման միջոց‚ամենից արդյունավետ տեղի է ունենում գործունեության ընթացքում։ Դա նշանակում է նաև, որ երեխայի գործունեությունն այնպես պետք է կազմակերպել, որ այն նպաստի նրա խոսքային հաղորդակցման կարողությունների զարգացմանը:
3.Լեզվազգայունակության զարգացման սկզբունք
Լեզվազգայունակությունը լեզվի օրինաչափությունների չգիտակցված, ենթագիտակացական տիրապետումն է: Խոսքի համակողմանի ընկալման գործընթացում երեխայի մեջ ենթագիտակցական մակարդակում ձևավորվում են զուգադրություններ (անալոգիաներ), որոնց շնորհիվ նա յուրացնում է նաև խոսքի օրինաչափությունները: Երեխաներն սկսում են ավելի ազատ օգտվել լեզվի ձևերից, տարրերից, նրանց մեջ ծնվում են բառերը, բառակապակցությունները մտապահելու և խոսքային հաղորդակցման տարբեր իրադրություններում օգտագործելու կարողություն:
4.Լեզվական երևույթների տարրական ձևավորման սկզբունք
Երեխայի խոսքի զարգացման հիմքում ընկած է ոչ միայն մեծերին ընդօրինակելը, այլ նաև լեզվական երևույթների գիտակցական ընկալումը: Երեխայի մեջ ձևավորվում է ճիշտ խոսքային վարքագծի ներքին համակարգ, որը թույլ է տալիս նրան ոչ միայն կրկնել, այլև գիտակցել խոսքային արտահայտությունները: Լեզվի ուսուցման հիմքում ընկած է խոսքային ընդհանրացումների և ստեղծագործական ունակությունների ձևավորումը: Միայն մեխանիկական կրկնությունները բավարար չեն լեզուն յուրացնելու համար:
5.Խոսքի տարբեր կողմերի համակցման սկզբունք
Այս սկզբունքն իրականացվում է լեզվի բոլոր մակարդակների յուրացման և դրանց սերտ փոխկապակցման միջոցով: Խոսքի տարբեր խնդիրների յուրացումը լեզվի համակարգի տիրապետման գործընթաց է: Խոսքի յուրաքանչյուր խնդրի ուղղությամբ տարվող աշխատանքն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է նաև խոսքի մյուս կողմերի ձևավորմանը:
6.Խոսքային գործունեության դրդապատճառների հարստացման սկզբունք
Խոսքային գործունեության ընթացքում կարևորագույն դեր է խաղում դրդապատճառը։ Երեխայի համար խոսելը, խոսքային գործունեությունը պետք է պատճառաբանված ու անհրաժեշտ լինի։ Այդ պատճառով էլ մեծ նշանակություն ունի երեխայի խոսքային գործունեության դրդապատճառների հարստացումը։
Այն ենթադրում է, որ երեխայի խոսքը զարգանում է նրա ամենօրյա հաղորդակցման ընթացքում, այսինքն՝ երեխայի համար խոսելու, հաղորդակցվելու բնական և իրական դրդապատճառները պետք է լինեն շփվելու, իմանալու, տպավորությունները կիսելու, իր այս կամ այն կարիքը հոգալու բնական պահանջմունքներները։
Ըստ այդմ երեխայի հետ շփումը, ինչպես նաև պարապմունքները պետք է կառուցվեն բնական հաղորդակցման վրա, քանի որ բնական հաղորդակցման ընթացքում հաշվի է առնվում երեխայի ցանկությունը, հետաքրքրությունները, ինչը խոսքային գործունեության բնական դրդապատճառներ է ծնում և բարձրացնում արդյունավետությունը:
Դաստիարակի խնդիրն է ստեղծել այնպիսի իրավիճակներ, երբ երեխան հաղորդակցվելու պահանջ ունենա, և ուսուցման յուրաքանչյուր գործողություն պարունակի դրական մոտիվ:
7. Ակտիվ խոսքային կիրառում ապահովող սկզբունք
Այս սկզբունքի էությունն այն է, որ լեզուն յուրացվում է կիրառման ընթացքում, խոսքային պրակտիկայում: Խոսքի ակտիվությունը երեխայի խոսքի զարգացման կարևոր պայմաններից է: Խոսքի ակտիվությունը ոչ միայն խոսելն է, սեփական մտքերն արտահայտելը, այլ նաև լսելն ու ընկալելը: Դասի ընթացքում անհրաժեշտ է կիրառել երեխայի խոսքի ակտիվացման տարբեր գործոններ. հուզական դրական մթնոլորտ, հաղորդակցում, դիդակտիկ խաղային հնարների կիրառում, հանձնարարություններ և այլն:

1.3. Երեխայի խոսքի զարգացման նպատակն ու խնդիրները

Լեզուն նախ և առաջ հաղորդակցման միջոց է։ Շատ կարևոր է որ նախադպրոցական երեխայի մայրենի լեզվի ուսուցման և խոսքի զարգացման հիմնական նպատակը լինի շրջապատի հետ խոսքային հաղորդակցության ունակությունների ձևավորումն ու բանավոր խոսքի զարգացումը։
Խոսքի զարգացման հիմնական խնդիրներն են
1.ճիշտ արտահայտվելու կարողությունը,
2.բանավոր խոսքի հարուստ բովանդակությունը:

Լեզվի հիմնական միավորներն են հնչյունը, վանկը,բառը,բառակապակցություն,նախադասություն տեքստը։

Երեխայի խոսքի զարգացման խնդիրներն են`

1. խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակում,
2. բառապաշարի զարգացում,
3. խոսքի քերականական կողմի, այսինքն՝ քերականական կառուցվածքի ընկալման ձևավորումը,
4. կապակցված խոսքի զարգացում (մենախոսություն և երխոսություն),
5. խոսքի և լեզվի տարրական երևույթների գիտակցման ձևավորում,
6. գեղարվեստական գրականության հետ ծանոթացում:

Խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակումը
Այս խնդիրը կապված է հնչյունների յուրացման և արտաբերման հետ:

Այն նախաձեռնում է`
. խոսքային լսողության զարգացում,
. ճիշտ հնչարտաբերում,
խոսքի արտահայտչական միջոցների տիրապետում, (ուժգնություն, առոգանություն, հնչերանգ, տեմպ):

Նախադպրոցական տարիքը համարվում է ամենաբարենպաստ ժամանակահատվածը խոսքի հնչյունային կուլտուրայի զարգացման համար:

Բառապաշարի զարգացում

Բառը խոսքի զարգացման ամենակարևոր միավորն է։Բառապաշարի տիրապետումը երեխայի խոսքի զարգացման հիմքն է: Բառերն արտահայտում են խոսքի բովանդակությունը։ Ցույց են տալիս առարկաներ, երևույթներ, նրանց միջև գոյություն ունեցող կապեր, գործողություններ, առարկաների որակներ, հատկանիշներ: Սովորելով բառերը՝ երեխան, իրականացնում է շրջապատի հետ հաղորդակցման խնդիրներ: Երեխայի բառապաշարի զարգացման մեջ կարևոր են բառի նշանակության յուրացումը, նրա տեղին օգտագործումը տարբեր իրադրություններում և հաղորդակցման մեջ:

Քերականական կառուցվածքի ձևավորումը

Առանց քերականության անհնար է խոսքային ճիշտ հաղորդակցում: Սա երեխայի համար փոքր֊ինչ բարդ է ընկալելը, ուստի նա լեզվի քերականական կողմը սովորում է գործնականում՝ մեծահասակի խոսքի ընդօրինակման և լեզվական ընդհանրացումների շնորհիվ:

Կապակցված խոսքի զարգացում

Այն իր մեջ ներառում է երկխոսության և մենախոսության կարողությունների զարգացում: Կապակցված խոսքը սկսում է ձևավորվել այն ժամանակ, երբ երեխան հաղորդակցվելու կարիք է ունենում։ Կապակցված խոսքի ձևավորումը սկսվում է երկխոսության կարողությունների զարգացումից։ Երկխոսության մեջ մտնելը նախադպրոցականի շփման հիմնական ձևն է:

Երկխոսության մեջ մտնելով երեխան սովորում է
. լսել և ճիշտ հասկանալ դիմացինի արտահայտած միտքը,
. ձևակերպել իր սեփական միտքը,
. լսել սեփական խոսքը,
հարցեր տալ և պատասխանել՝ օգտվելով լեզվական տարբեր միջոցներից:

Մենախոսության զարգացումը նախատեսում է տեքստը հասկանալու, վերապաատմելու և այն ինքնուրույն կառուցելու կարողություն:

Խոսքի և լեզվի տարրական երևույթների գիտակցման ձևավորում
Սա երեխային նախապատրաստում է լեզվի յուրացման գրաճանաչության փուլին։ Դաստիարակը զարգացնում է երեխայի բանավոր խոսքը, աշխատանք տանում բառերի հնչյունական վերլուծության ուղղությամբ, գիտակցաբար վերլուծում է բառը, վանկը, նախադասությունը:

Ծանոթացում գեղարվեստական խոսքի հետ
Խոսքի զարգացման խնդիրների մեջ իր առանձնահատուկ տեղն ունի նաև գեղարվեստական խոսքի հետ երեխայի ծանոթացումը: Այն կարևոր նշանակություն ունի երեխայի անձի ձևավորման համար որպես երեխայի խոսքի հարստացման սկզբնաղբյուր:

Գեղարվեստական գրականությունը հարստացնում է բառապաշարը, զարգացնում պատկերային խոսքը, գեղագիտական ճաշակը և նպաստում բարոյական հասկացությունների ձևավորմանը:

ԳԼՈՒԽ 2

Լեզվական խաղերը`որպես հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց

2.1 Խաղը երեխայի կյանքում

Խաղը մարդկային գործունեության ամենահետաքրքիր ձևերից մեկն է։ Այն ծագում է մանկության շրջանում և մարդուն ուղեկցում ողջ կյանքի ընթացքում:
Խաղը շատ կարևոր է երեխայի զարգացման համար։ Վաղ տարիքում խաղը երեխայի հիմնական գործունեությունն է։ Խաղով է նա ճանաչում ինքն իրեն, աշխարհը, սովորում է խոսել, շփվել, պահպանել ընդունված նորմերը և այլն։
Խաղը`որպես նախադպրոցականի առաջատար գործունեություն, երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է: Խաղը նպաստում է նախադպրոցականի ճանաչողական, հուզակամային և բարոյական զարգացմանը, նորմերի յուրացմանը, բառապաշարի հարստացմանը, հաղորդակցական հմտությունների ձևավորմանը: Կարելի է ասել, որ երեխայի և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առանձնահատկությունները, ինչպես նաև նրա ընդունակություններն ու հոգեկան հակազդումները խորապես պայմանավորված են խաղի բնույթով: Երեխայի խաղն ընթանում է խոսքի ուղեկցմամբ: Նա խոսում է նույնիսկ այն ժամանակ, երբ մենակ է խաղում: Խոսքի դերն ու նշանակությունը մարդու կյանքում շատ մեծ են: Դրանք հանդես են գալիս որպես հաղորդակցման հիմնական միջոց և իրականացնում մի շարք գործառույթներ։
Խոսքի միջոցով մենք ստանում և հաղորդում ենք ինֆորմացիա, յուրացնում ենք հասարակական-պատմական փորձը,կարգավորվում է մարդու վարքն ու գործունեությունը:
Ինքնաճանաչման և ինքնահաստատման ասպարեզ է, զարգացնում է ազատություն: Խաղի միջոցով են ձևավորվում երևակայելու, գործողություններն ու զգացմունքները ինքնուրույն կարգավորելու ունակությունները:
Ինքնագնահատման ասպարեզ է, ինքնաճանաչման գործուն միջոց, մեծերի կողմից պարտադրված թեմատիկայից: Խաղը պետք է կազմակերպվի որպես երեխաների հետ դաստիարակի համատեղ գործունեություն։ Մեծը հանդես է գալիս խաղընկերոջ և ոչ թե պարտադրողի դերում:
Գերմանացի հոգեբան Կ. Գրոսը խաղը համարում է կարծիք, որի օգնությամբ երեխան ձեռք է բերում կյանքի համար անհրաժեշտ « հարմարանք», ընդ որում` խաղի հիմքում ընկած է ընդօրինակման մեխանիզմ:
Խաղային գործունեության մանկավարժական նշանակությունը երեխաների կյանքում կարևորել են Ա. Կոմենսկին, Ժ. Ռուսոն, Ֆ. Ֆրյոբելը մանկավարժներ Խ. Աբովյանը, Ղ. Աղայանը , Հ. Թումանյանը և այլք: Խ. Աբովյանը մանկավարժների հորդորում էր «չզրկել երեխային անմեղ խաղերից»: Հ. Թումանյանը գտնում էր, որ խաղը երեխայի բնական օրգանական պահանջն է , նրա էությունը:
Խաղի դերն ու նշանակությունը նախադպրոցականի կյանքում դիտում են որպես երեխայի համակողմանի զարգացման, ինքնահաստատման կարևորագույն միջոց:
Վ. Շտերնի կարծիքով խաղը բնազդ է, որը ստիպում է խաղալ բոլոր երկրների երեխաներին: Խաղում երեխան արտացոլում է իշխելու, պայքարի` իրական կյանքում չբավարարված բնազդները:
Համաձայն Ֆրոյդի տեսության` խաղը մարդուն բնորոշ գործունեությունն է` պայմանավորված նրա հոգեկանի զարգացմամբ: Խաղը ոչ միայն երեխային զարգացնում է հաամկողմանի, այլ նաև զարգացնում է երեխայի հոգեկան գործընթացները:
Խաղը ստեղծագործական գործունեություն է, քանի որ այն նպաստում է յուրաքանչյուր խաղացող երեխայի անհատական առանձնահատկությունների բացահայտմանը: Խաղի ընթացքում դրսևորվում են երեխայի հակումներն ու հետարքրքրությունները: Նախադպրոցականի խաղային գործունեության միջոցով իրականացվում են հետևյալ հիմնական խնդիրները.
զարգանում են հոգեկան գործընթացները
խաղի ընթացքում ստեղծվում են ինքնաարտահայտվելու հնարավորություններ,
խաղը` որպես իմացական գործունեություն, նպաստում է աշխարհաճանաչմանը,
խաղի ընթացքում զարգանում է բարոյակամային որակների և հուզազգացմունքային ոլորտը:
Մանկավարժները խաղերը դասակարգում են երկու խմբի` ստեղծագործական և կանոններով :
Ստեղծագործական խաղերում արտացոլվում են երեխաների տպավորություններն ու պատկերացումներն արտաքին աշխարհի հանդեպ, դրսևորվում են նախասիրություններն ու հետաքրքրությունները, զարգանում է նրանց երևակայությունը:
Կանոններով խաղերը կազմակերպվում են մեծահասակների կողմից: Այս խմբին են պատկանում դիդակտիկ խաղերը, շարժողական խաղերը:

Կանոնով խաղերի բովանդակությունը նախապես մշակվում է և ներկայացվում երեխաներին: Խաղերը կրթում, դաստիարակում և զարգացնում են երեխաներին:

2.2 Խաղի տեսակները

Առանձնացվում են մի քանի տեսակի խաղեր, որոնք հաջորդում են իրար` երեխայի զարգացմանը զուգընթաց: Այդ խաղերն են.
Ֆունկցիոնալ խաղեր
Ֆունկցիոնալ խաղերի հիմնական դրդապատճառը հաճելի հույզեր ունենալն է. դիտվում է մարդու ողջ կյանքի ընթացքում, բայց որպես առաջատար տեսակ պահպանվում է մինչև երկու տարեկան հասակը: Ֆունկցիոնալ խաղերի մնացորդներից է համարվում, օրինակ, խոսելիս որևէ առարկա խաղացնելը:
Սիմվոլային խաղեր
Ֆունկցիոնալ խաղերից անցում է կատարվում սիմվոլային խաղերի: Սիմվոլիկ խաղերը այն խաղերն են, երբ մի առարկային վերաբերում են որպես ուրիշի, որը տվյալ պահին գոյություն չունի: Օրինակ, երբ երեխան վերցնում է փայտը, հեծնում և վերաբերվում դրան ինչպես ձիու: Ենթադրվում է, որ հենց այս խաղերում է երեխայի մոտ ձևավորվում և ամրապնդվում հաջորդականությունն ըմբռնելու կարողությունը:
Դերային խաղեր
Դերային խաղերը սկսում են առաջանալ արդեն երեքից-չորս տարեկանում: Այս խաղերով երեխան ընդօրինակում է մեծահասակների վարքը, նրանց դերերը` հոր, մոր, բժշկի, խանութպանի և այլն: Դերային խաղերը նպաստում են սոցիալական հմտությունների ձևավորմանը:
Խաղեր ըստ կանոններիԱյս խաղերը երեխաների մոտ ձևավորում են կանոնններին ենթարկվելու կարողություն, խաղը ունենում է կանոններ և բոլորը ենթարկվում են այդ կանոններին:
Ուսումնական խաղեր
Ուսումնական խաղը, որը օգտագործվում է որպես ուսուցման և դաստիարակության միջոց: Ուսումնական խաղի անվան տակ պետք է նկատի ունենալ այնպիսի գործունեություն, որի ընթացքում երեխաները ստանում են որոշակի գիտելիքներ և ունակություններ: Ուստի ուսումնական խաղը նախատեսվում է ուսուցանելու համար:

Լեզվական խաղերը լրացնում են լեզվական վարժությունների համակարգը: Որպես խաղային միջոց՝ դրանք ունեն սրամիտ ու զվարճալի բնույթ և հնարավորություն են ընձեռում գրավելու երեխաների ուշադրությունը, երկար ժամանակ նրանց օգտակար ու արդյունավետ աշխատանքով զբաղեցնելու:

Լեզվական խաղերը նպաստում են լեզվական գիտելիքների ձեռքբերման դժվարությունների հաղթահարմանը:

Խաղեր լեզվի համար

(արտաբերման ապարատի մարզում,սկսած մեկուկես տարեկանից)
Արտասանեք բանաստեղծությունը և ընդգծված բառերը արտաբերեք փոքրիկի հետ միասին.
Արածում է կովը դաշտում. «Մու՜, մու՜»։
Թռչկոտում է գծավոր մեղուն. «Զ-զ-զ, զ-զ-զ»։
Կամաց քամին է փչում. «Ֆ-ֆ-ֆ, ֆ-ֆ-ֆ»։
Զանգակն է հնչում. «Դինգ-դոնգ, դինգ-դոնգ»։
Խոտերում ծղրիդն է երգում. «Ց-ց-ց, ց-ց-ց»։
Փոքրիկ ծիտն է ծլվլում. «Ծիվ, ծիվ, ծիվ»։
Եվ բզեզն է բզբզում. «Ժ-ժ-ժ, ժ-ժ-ժ»։
Երեխան կարող է նախապես լսել, ապա նոր փորձել կրկնել։ Անմիջապես մի սպասեք ճիշտ արտաբերում երեխայի կողմից։ Արտաբերման ապարատը յուրաքանչյուրի մոտ անհատական է և զարգանում է աստիճանաբար։

Վարժություններ լեզվի համար

(արտաբերման ապարատի մարզում,սկսած մեկուկես տարեկանից)
Նստեք փոքրիկի դիմաց և արտաբերելով ներքևում բերված տողերը, կատարեք համապատասխան գործողությունները։ Երեխան սկզբում միայն կդիտի, ապա կփորձի կրկնել գործողությունները։
Լեզուն պատրաստվեց զբոսանքի.
(բացել բերանը)
Նա լվացվեց.
(լեզվի ծայրը տեղաշարժել վերևի շուրթի երկայնքով)
Սանրվեց.
(լեզուն մի քանի անգամ քսել վերևի ու ներքևի ատամնաշարերին, դուրս հանել բերանից ու կրկնի թաքցնել)
Անցորդներին հետևեց.
(լեզուն տեղաշարժել շրթունքների վրա, շուրթերը լիզել)
Աջ ու ձախ շուռ եկավ.
(լեզուն տեղաշարժել համապատասխան կողմ)
Ընկավ ներքև, բարձրացավ վեր.
(լեզուն իջեցնել ներքև, ապա բարձրացնել վերև)
Եվ բերանում անհետացավ.
(լեզուն թաքցնել բերանում)
Հիշեք, որ փոքրիկը Ձեր գործողությունները ընկալում է հայելային պատկերով, այդ իսկ պատճառով, արտասանելով «ձախ», Դուք պետք է լեզուն «աջ» շարժեք և հակառակը։ Կարելի է տեքստը ձայնագրել և այդ դեպքում Դուք կկենտրոնանաք միայն լեզվի վարժությունները փոքրիկի հետ միաժամանակ անելու վրա։ Կարող եք ինքներդ հորինել փոքրիկ հեքիաթ լեվի մասին համանման շարժումներով։
Գուշակիր, թե ո՞վ է մեզ հյուր եկել
(նյութը՝ խաղալիքներ կամ նկարներ)
1. Մեծահասակը փոքրիկին ցույց է տալիս խաղալիքը կամ նկարը (օրինակ կով) և առաջարկում հիշել, թե ինչպիսի՞ ձայն է այն հանում։ Երեխան արտաբերում է՝ «Մու-ու»։ Նմանապես գործողությունները կրկնել մյուս նկարների հետ (ինչպիսի ձայն ունի մեքենայի ազդանշանը, ինչպե՞ս է թակում թմբուկը, ինչ ձայն է հանում հոսող ջուրը և այլն)։
2. Մեծահասակը առաջարկում է ձայներով գուշակել, թե ո՞վ է հյուր եկել.
– «Մու-մու-ու». այդ ո՞վ է բառաչում։
– «Մյաու-մյաու». այդ ո՞վ է մլավում։
– Այն ո՞վ է թաքնվել ու ծվծվում. «Պի-պի-պի»։
– «Կո-կո-կո-կո». սա ո՞վ է։
– «Կվա-կվա-կվա». հիմա ո՞վ է։
– «Կու-կու, կու-կու». այդ ո՞վ է ձայն տալիս։
– «Թիկ-թակ, թիկ-թակ». սա ի՞նչ ձայն է։
և այլն։
Փոփոխելով ձայնի բարձրությունը կարելի է երեխային առաջարկել գուշակել. մե՞ծ թե փոքր կատու է մլավում և այլն։
Գուշակիր ձայնից
(այս խաղի զարգացնում է ուշադրությունն ու ձայնային ընկալումը։ Նյութը տարատեսակ խաղալիքներ են, որոնք կարող են հատկանշական ձայներ արձակել. օրինակ՝ թմբուկ, զանգակ, գդալ, թուղթ և այլն)
Երեխան նստում է թիկունքով դեպի մեծահասակը, ով պետք է տարբեր առարկաներով ձայներ ստանա։ Երեխան առանց շուռ գալու պետք է գուշակի, թե ո՞ր առարկան է հանել այդ ձայնը։
Ձայները կարող են տարատեսակ լինել, օրիան՝ գդալը կամ գնդակը հատակին նետել, պատռել թուղթը, մի առարկայով մյուսին հարվածել և այլն։ Կարելի է յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար երեխային միավորներ տալ՝ ոգևորելու համար։ Կարելի է խաղալ միաժամանակ մի քանի երեխայի հետ (այս դեպքում ի հայտ կգա մրցակցության զգացումը)։
Խոսքային շնչառության զարգացման խաղեր
Որպեսզի փոքրիկը կարողանա արտաբերել օրինակ «ս», «զ», «ժ», «շ» խուլ բաղաձայնները, երեխան պետք է կարողանա լավ ներշնչել։ Առաջարկվող վարժությունները կօգնեն զարգացնել նման կարողությունը, կանխարգելել կակազումը և հնչյունների կամ բառերի «կուլ տալը»։
«Խատուտիկ»

(նյութը՝ խատուտիկ ծաղիկ)
Զբոսանքի ընթացքում գտեք խատուտիկ ծաղիկ։ Առաջարկեք փոքրիկին այնպես փչել ծաղկի վրա, որպեսզի խավը ամբողջության թռչի։ Սովորաբար երեխային դա հաջողվում է 3-4 անգամից։
«Փաթիլներ»
(նյութը՝ բամբակի մի քանի փոքր կտոր կամ անձեռոցիկի կտորներ)
Մեծահասակը ցույց է տալիս ինչպե՞ս փչել «փաթիլները» բաց ափի միջից։ Երեխան կրկնում է։ Վարժությունը կատարել 2-3 անգամ։
«Թռի՛ր, թիթեռ»
(նյութը՝ 2-3 թիթեռ՝ պատրաստված վառ գունավոր թղթերից, որոնք թելով կախված կլինեն երեխայի դեմքի մակարդակին)
Երեխան պետք է այնպես փչի թիթեռների վրա, որպեսզի նրանք «թռչեն»։ Փչել ոչ ավել,քան 10 վայրկյան ընդմիջումներով, որպեսզի երեխայի մոտ գլխապտույտ չառաջանա։
Լեզվական խաղեր
ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանա նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
բ) Կազմե՛լ նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:
գ) Գրե՛լ ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:
դ) Կազմե՛լ այնպիսի նախադասություններ, որտեղ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:
Բառքամոցի
Գրականություն》 բառի տառերով կազմի՛ր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
Հաղթում է այն թիմը, ով տրված ժամանակահատվածում ավելի շատ բառեր է կազմում և ճիշտ է կատարում առաջադրանքը:
Գրել տասական բառ.
որոնց հնչյունները ու տառերը հավասար են,
որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը,
գրությամբ և արտասանությամբ տարբերվում են,
զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով,
Հաղթում է այն թիմը, ով ավելի արագ ու ճիշտ է կատարում առաջադրանքը
ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Դիպլոմային աշխատանքիս գործնական մասն իրականացրել եմ հեռավար առցանց ընտանեկան դպրոցում։ Արևմտյան դպրոցի 5֊6 տարեկանների խմբի և Արևելյան դպրոցի 2֊4 տարեկանների խմբի երեխաների հետ։

ԼԵԶՎԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓԱԹԵԹ

Եզրակացություն

Դիպլոմային նախագծերի վրա աշխատանքի տեսական գրականության ուսումնասիրության և վերլուծության խաղերի գործնական փորձարկման արդյունքում եկա հետևյալ եզրահանգումներին

•Լեզվական խաղերը նպաստում են լեզվական գիտելիքների ձեռքբերման դժվարությունների հաղթահարմանը։

•Խաղը նպաստում է երեխայի խոսքի, հաղորդակցական ( հաղորդակցման լեզվի յուրացման) և բառապաշարի հարստացմանը

Երեխայի խոսքի զարգացումը կատարվում է տարբեր միջոցներով , սակայն դրանցից ամենամատչելի միջոցը խաղն է։ Խաղի միջոցով ձևավորված խոսքն ավելի մատչելի է, այն չի պարտադրում և միևնույն ժամանակ ուսուցանում է։ Հայտնի է, որ այն երեխաները,ովքեր ավելի շատ են խաղում լեզվական խաղեր, նրանց խոսքն ավելի շուտ է ձևավորվում։

Ամեն մի նոր խաղի ժամանակ, երեխան ձեռք է բերում մի նոր գիտելիք։ Եկեք երեխաներին չզրկենք խաղից և թույլ տանք,որ ավելի շատ խաղան քանզի երեխան խաղալով է սովորում և բացահայտում աշխարհը։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Նախաշավիղ

Դաստիարակի ուղեցույց

Մանկապարտեզի ավագ խումբ

Նախադպրոցական մանկավարժություն

Երեխաների զարգացման չափորոշիչներ 2018

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s