Հանելուկը բանահյուսական ժանրի ստեղծագործություն է, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք և այլն։ Հանելուկն առարկան կամ երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։
Հանելուկի վաղնջական նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում և գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։ Հանելուկը չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Միջնադարում մի քանի հարյուրի հասնող հանելուկներ է հորինել Ներսես Շնորհալին։
* * *
Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:
(Արև)
* * *
Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:
(Կատու)
* * *
Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:
(Ցորեն)
* * *
Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:
(Կրիա)
* * *
Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:
(Գիրք)