Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ , Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ: Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ[5]։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն:

1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս չի հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։

Միմյանց դաշնակից պետությունները Բալկաններում ծագած երկկողմ հակամարտության արդյունքում սկիզբ առած ճգնաժամը վերածել են կոնֆլիկտի, որին մասնակցել է Եվրոպայի մեծ մասը։ 1914 թվականի դրությամ Եվրոպայի մեծ տերությունները բաժանված էին երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի երրորդ հանրապետություն, Ռուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը (Եռյակ դաշինքը հիմնականում ունեցել է պաշտպանական բնույթ և թույլ է տվել Իտալիային չմասնակցել պատերազմին 1914 թվականին)[9]։ Ռուսաստանը հարկ է համարել պաշտպանել Սերբիային, և հուլիսի 25-ին հրաման է արձակվել նախապատրաստվել պատերազմի, իսկ երբ հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան ռմբակոծել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, Ավստրիային սահմանակից ռազմական շրջաններում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Համառուսական զորահավաքը հայտարարվել է հուլիսի 30-ի երեկոյան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ընդհանուր զորահավաք են հայտարարել հուլիսի 31-ին, իսկ Գերմանիան Ռուսաստանից պահանջել է կատարել զորացրում տասներկու ժամվա ընթացքում։ Երբ Ռուսաստանը մերժել է, Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ է հայտարարել՝ սատարելով Ավստրո-Հունգարիային։ Վերջինս հետևել է նրա օրինակին օգոստոսի 6-ին, իսկ օգոստոսի 2-ին ընդհանուր զորահավաք է հայտարարել Ֆրանսիան՝ սատարելով Ռուսաստանին։

Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես Շլիֆենի պլան։ Օգոստոսի 2-ին Գերմանիան պահանջել է ազատ անցում Բելգայի տարածքով, ինչն էական նշանակություն ուներ Ֆրանսիայի նկատմամբ արագ հաղթանակ տանելու գործում։ Երբ Բելգիան մերժել է, գերմանական ուժերն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ներխուժել են Բելգիա և նույն օրը պատերազմ հայտարարել Ֆրանսիային. Բելգիայի կառավարությունը վկայակոչել է 1839 թվականին կնքված Լոնդոնի պայմանագիրը, և դրանում նշված պարտավորության համաձայն Բրիտանիան օգոստոսի 4-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային։ Օգոստոսի 12-ին Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ են հայտարարել նաև Ավստրո-Հունգարիային, օգոստոսի 23-ին Անտանտի կողմից պատերազմին է միացել Ճապոնիան, որը նպատակ ուներ առիթից օգտվելով մեծացնել իր տիրապետության սահմանները՝ գրավելով Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում։ Պատերազմի մեջ են ներքաշվել նաև այդ տերությունների գաղութները, ինչի շնորհիվ կոնֆլիկտը տարածվել է ամբողջ երկրագնդով մեկ։ Հետագայում Անտանտն ու իր դաշնակիցները հայտնի են դարձել որպես Դաշնակից ուժեր, իսկ Ավստրո-Հունգարիան ու Գերմանիան՝ Կենտրոնական տերություններ։

Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: 1918 թվականի գարնանը գերմանացիները արևմտյան ճակատում անցան լայնածավալ հարձակման, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեց գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, 1918 թվականի նոյեմբերի 11-ին համաձայնվեց զենքը վայր դնել։ Այսպիսով, պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։

Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի հաշտության կոնֆերանսում Մեծ քառյակը կազմող պետությունները (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա) ստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգան, հետագայում նմանատիպ հակամարտությունները բացառելու նպատակով։ Սակայն արդյունքում՝ եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ, Եվրոպայում աճեց և զարգացավ ազգայնամոլությունը, ինչի պատճառով Գերմանիայում ծնունդ առավ նաև նացիզմը՝ սրանով նպաստելով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s