Պատճառներ
Ջերմահարության առաջացմանը նպաստում են շոգ եղանակին հաստահագուստ հագնելը, տաք արտադրամասերում աշխատելը, տաք եղանակին ալկոհոլի ընդունումը և այլն: Օրգանիզմի գերտաքացման և ուժեղ քրտնարտադրության ժամանակ օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, արյունը խտանում է, աղային հավասարակշռությունը խանգարվում է, և առաջանում է ջերմահարություն: Դա հանգեցնում է հյուսվածքների, մասնավորապես` գլխուղեղի թթվածնաքաղցի:
Արևահարությունն առաջանում է բաց գլխի վրա արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից:
Բուժում
Մինչև բժշկի գալը հիվանդին պետք է պառկեցնել ստվերում կամ լավ օդափոխվող սենյակում: Գլխի և խոշոր անոթների շրջանում (պարանոցի կողմնային հատվածներին, անութային և աճուկային հատվածներում) դնել սառույց կամ սառը ջուր: Օգտակար է հիվանդին թաց սավանով փաթաթելը և օդափոխիչ միացնելը:
Կանխարգելում
Ջերմահարությունից և արևահարությունից խուսափելու համար հարկավոր է պահպանել տաք արտադրամասերում և այլ շոգ շինություններում աշխատելու կանոնները: Հագուստը պետք է լինի թեթև և օդաթափանց, իսկ գլուխը` ծածկած: