Ցանկացած հիվանդություն իր բարդացման գագաթնակետին իրական վտանգ կարող է դառնալ մարդու կյանքի համար: Կանխարգելիչ բժշկության սկզբունքները՝ վաղ ախտորոշումն ու բուժման հնարավորությունը կարող են որոշ հիվանդությունների պարագայում նվազեցնել վատագույն ելքերը: Մինչդեռ սեփական առողջության նկատմամբ անտարբերությունն ու անուշադրությունը հեշտ կառավարելի հիվանդության համար կարող են ճակատագրական ելք ապահովել:
Հատկապես վերջին շրջանում, ինչպես նաև սուր շնչառական վարակիչ հիվանդությունների պարագայում նկատվում է շնչական անբավարարության դեպքերի վիճակագրության աճ:
Շնչական անբավարարությունը կարող է պայմանավորված լինել շնչառական համակարգի օրգանների անոմալիաներով կամ արատներով: Դրանք կարող են լինել ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի: Վնասվածքները կարող են առաջացնել շնչուղիների կամ շնչական համակարգի այլ հատվածների այնպիսի իրավիճակ, որի տրամաբանական շարունակությունը շնչական անբավարարությունն է:
Թոքային անբավարարություն նկատվում է այն ժամանակ, երբ թոքերը դադարում են իրականացնել իրենց բնականոն ֆունկցիան: Թոքային անբավարարություն կարող է նկատվել մասնվորապես բարձիթողի թոքաբորբերի, բրոնխիտի, ասթմայի որոշ տեսակների պարագայում: Շնչական անբավարարությունը կարող է լինել նաև ուռուցքային հիվանդությունների բարդությունը:
Շնչական անբավարարությունը մեծագույն սթրես է ամբողջ օրգանիզմի համար: Սա մի վիճակ է, որից տուժում են բոլոր օրգան-համակարգերը: Վատանում է արնամատակարարումը օրգան-համակարգերին, ինչի հետևանքերը ևս կարող են վտանգաշատ լինել:
Շնչական անբավարարությունը կարող է լինել սուր և քրոնիկ:
Սուր շնչական անբավարարության բուժումն իրականացվում է ինտենսիվ թերապիայի բաժամունքում: Քրոնիկ շնչական անբավարարության բուժման դեպքում պարտադիր պայման չէ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժումը: Այս պարագայում իրականացվում է այն հիվանդության ու իրավիճակի բուժում կամ շտկում, որը շնչական անբավարարության պատճառն է: