Հատվածներ ՀՐԱԺԵՇՏ գրքից

Գրքի գործողությունները տեղի են ունենում ինչ-որ տեղ Երկիր մոլորակի վրա։ Սա պատմություն է, որը չունի ազգություն և չի ճանաչում ոչ մի աշխարհագրական վայր։ Համամարդկային պատմություն՝ նվիրված բոլոր նրանց, ովքեր կյանքում գոնե մեկ ամգամ հրաժեշտ են տվել…

*****

Երջանկություն… Այս երևույթի մասին բոլորս մեր պատկերացումներն ունենք: Մեկի համար այն կարող է մի փոքրիկ ժպիտ արժենալ, մյուսի համար երջանկությունը նյութականացված է ու ավելին է, քան պարզապես ջերմություն, իսկ մեկ ուրիշն էլ գնահատել գիտի, ինչը, թերևս, ամենամեծ երջանկությունն է: Իրականում, երջանիկ կլինենք այն ժամանակ, երբ հասկանանք, որ դժվարություններից փախուստը դեպի երջանկություն տանող ճանապարհը չէ ու իրական երջանկությունն առանց նախազգուշացման է գալիս: Իմ երջանկությունն էլ դու ես, քանզի ես քեզ գտա հենց երջանկություն որոնելիս…

*****

Ու անգամ ամենախորը հիասթափություններից, անգամ ամենացավոտ իրավիճակներից հետո ու անգամ այն ժամանակ, երբ որոշես՝ «էլ երբեք», միևնույնն է, ՆԱ կհայտնվի: Նա, ով կկարողանա ընդունել քեզ հենց այնպիսին ինչպիսին դու կաս: Նա կգտնի քո առավելություններն հենց այնտեղ, որտեղ քո թերություններն են: Նա կլինի կողքիդ անգամ այն ժամանակ, երբ ողջ աշխարհն է քեզ դեմ: Նա չի փորձի քեզ փոխել, ավելի «լավը» դարձնել, այլ կսիրի քեզ հենց այնպիսին, ինչպիսին քեզ բնությունն է ստեղծել: Հավատա՛, նա կգտնի քեզ և հենց այն ժամանակ, երբ դու ամենաքիչը նրան կսպասես…

*****

Դու եկար, հետք թողեցիր կյանքումս ու անհետ կորար: Դու եկար, փոխեցիր ամեն ինչ ու անփոփոխ թողնելով հեռացար: Եկար, ջնջեցիր ամեն ինչ ու անջնջելին հենց դու դարձար: Գնացիր ու ես հետքդ չկորցրած քեզ հետևեցի: Գնացիր, բայց ես մեկ է հույսս չկորցրի: Գնացիր, բայց ես այդպես էլ չհամակերպվեցի: Գնացիր ու էլ չվերադարձար: Գնացիր… Կորցրի…

*****

Ուրախ մարդիկ շուտ են պառկում քնելու, ու մտքերը նրանց չեն տանջում ողջ գիշեր: Նրանք չեն ծիծաղում, ժպտում ամբողջ օրն այն պարագայում, երբ գիշերը ափերով մաքրում են արցունքները: Նրանք միայն գիշերը չէ, որ խոստովանում են իրենց ցավը: Ուրախ մարդիկ չեն վախենում ցույց տալ իրենց զգացմունքները: Նրանք միայնակ չեն քայլում անվերջ թվացող այդ փողոցներով: Ուրախ մարդիկ չեն հիշում անցյալը, նրանք վայելում են ներկան: Ժամերով չեն նայում այն նկարին, որն այնքան շատ բան է հիշեցնում: Ամենուր չեն փնտրում այն հայացքը, որը գուցե կստիպի նրանց ժպտալ: Ուրախ մարդիկ չեն փորձում ուրախ ձևանալ… Ես ուրախ եմ, համենայն դեպս փորձում եմ այդպիսին ձևանալ…

*****

Սուտ էր ամեն ինչ, կեղծ ու շինծու: Անիրական երջանկությամբ էի պարուրված: Քո նվիրած ակնոցն էր պատճառը. վարդագույն էր: Ես կառուցում էի իմ երջանկությունը քո երջանկության հաշվին: Դու երջանկանում՝ դժբախտացնելով ինձ: Ու մենք այդպես էլ չհասկացանք, որ այդ երջանկությունը միայն մեկիս էր տրված: Այդպես էլ չհասկացանք, որ ճակատագիրն է ամենաուժեղը: Ճակատագիրն էլ չհասկացավ, որ մենք իրար համար ենք ստեղծված՝ այդպես էլ ավելորդ համարելով այդ մեկ բաժին երջանկությունը:

*****

Հայելային ուժն անգերազանցելի է ու միշտ էլ այդպիսին կմնա: Չգիտեմ՝ ժպիտը, որով ինքս ինձ եմ ժպտում անկեղծ է, թե ձևական բնույթ է կրում: Ժպիտը հեշտ է կեղծել, այն շատ են կեղծում, իսկ բոլոր կեղծված երևույթների իրականը թանկ է: Քանի ու քանի կեղծ ժպիտների ենք մենք ամեն օր արժանանում, բայց այն ժպիտը, որի կարիքն ունենք, հաճախ մեզ համար անհասանելի ու չբացահայտված է մնում: -Ալանտա՛, քեզ զանգում են: -Գալիս եմ, մա՛մ: Վերցրի հեռախոսն ու տեսա, որ Ռեյն է զանգում: -Ալո: -Ուզում եմ ինձ հետ մի տեղ գաս: -Հիմա՞: -Ես ձեր բակում եմ: -Լավ, հիմա դուրս կգամ: -Լա՛ն, ցուրտ է, տաք հագնվիր,- սիրում եմ, երբ Ժիզելը անհանգստանում է ինձ համար, այդպես նա ավելի է նմանվում Նատալիին: -Մամ, չեմ մրսի, շուտ կվերադառնամ: Հինգ րոպեից ես ներքևում էի: -Եվ ու՞ր ենք գնում: -Շուտով կիմանաս: Քսան րոպե անց ես ու Ռեյը հայտնվեցինք քաղաքի ամենաբարձր շենքի առաջ: -Ի՞նչ ես այստեղ կորցրել: -Ուղղակի վստահիր ինձ ու քայլիր ինձ հետ: Աշխարհն այնքան գեղեցիկ է, երբ հեռվից ես նրան նայում, երբ մարդիկ շատ ավելի փոքր են երևում, իսկ բնությունը՝ կատարյալ… Ես սա հասկացա հենց այն պահին, երբ հայտնվեցի այստեղ՝ քաղաքի ամենաբարձր շենքի տանիքին: -Լա՛ն, ես մեր քաղաքը շատ եմ սիրում: Ես այստեղ եմ ծնվել ու այստեղ անցկացրել ողջ կյանքս: Սա իմ ամենասիրելի վայրն է, այստեղ ամեն ինչ այնքան գեղեցիկ է: Սա միակ վայրն է, որտեղ ես սիրում եմ աշխարհն ու կյանքը: -Իսկ ես կյանքը միշտ եմ սիրում, ապրելը շատ եմ սիրում: -Քանի՞ տարի կուզեիր ապրել: -Հարյուր… չէ՛, հարյուր քսան: -Լա՞ն, լու՞րջ ես ասում: -Հարյուր հիսուն, երկու հարյուր, չէ՛, չէ՛, հավերժ, հավերժ եմ ուզում ապրել,

հավերժը լավ թիվ է… -Լա՛ն, քեզ հետ ես սիրում եմ ամեն ինչ, երևի պատճառը քեզ շատ սիրելն է: -Իսկ սեր երևույթը գոյություն ունի՞: -Սեր երևույթը գոյություն չունի, որովհետև սերը երևույթ չէ, սերը մարդ է, ուղղակի պետք է գտնենք մեր ՄԱՐԴՈւՆ, որ գտնենք մեր սերը: -Եվ որտե՞ղ փնտրեմ իմ մարդուն: -Գիտե՞ս, գտնելու համար ամենևին էլ փնտրել պետք չէ: -Ամենևին էլ փնտրել պետք չէ, բայց… Մենք սիրում ենք փնտրել, փնտրել այնտեղ, որտեղ ոչինչ չկա, փնտրել այն ամենն, ինչը պարզապես գոյություն չունի, ու այն, ինչը մեզ պետք էլ չէ: Մենք փնտրում ենք սիրելիներին այնտեղ, որտեղ թշնամիներն են, հարազատներին՝ այնտեղ, որտեղ օտարներն են: Երբեմն էլ որոնումների ճանապարհին կորցնում նպատակակետն ու հուսահատված վերադառնում «կոտրած տաշտակին»:

*****

 

 

Երբեմն ուզում եմ ուղղակի քայլել, անվերջ քայլել, քայլել դեպի անհունություն, հեռու բոլորից ու ամենից: Հասնել այնտեղ, ուր մարդկային հարաբերություններ ստեղծողը սերն է, ուր թագավորում է բարությունը, իսկ թագի համար պայքար մղում հոգատարությունը: Այնտեղ ուր, անգամ, պայքարն է հիմնված հարգանքի վրա: Իսկ կա՞ արդյոք նման վայր: Եթե նույնիսկ կա, ապա այն վստահաբար ունի մուտքի արգելքներ: Եվ հավանաբար պարտադիր պայման կլինի բարի, հոգատար ու սիրով լի լինելը: Ափսոս, որ այն իրական չէ և, որ այն գոյություն ունի միայն իմ երազներում…

*****

Իրական հաջողություն է, երբ կա մեկը, ում ուզում ես անվերջ նայել, ում ասելու այնքան բան ունես, ում ուզում ես ամեն անգամ նորովի ճանաչել, բացահայտել, ում հետ հանդիպմանն անհամբերությամբ ես սպասում, իսկ երբ կողքիդ է սրտիդ զարկերն իրար հերթ չեն տալիս, երբ անգամ հեռավորությունը ձեզ բաժանել չի կարող, հակառակը, այն ավելի ամուր է կապում: Հաջողություն է ունենալ մեկին, ով չնայած իր շատ թերություններին, կատարյալ է քեզ համար, ում հետ կռվելիս հասկանում ես, որ առանց նրա կյանքը լրիվ այլ է և որ հենց նա է կյանքդ իմաստավորողը: Իսկական հաջողություն է… Ես ունեմ քեզ… Ես հաջողակ եմ…

 

Հատվածներ իմ երկրորդ (Ընդհատումներ) գրքից, որը դեռ անավարտ է

Հիասթափություն… իսկ դու ի՞նչ ես հասկանում այս արտասանելիս: Այն կարող է քեզ կա՛մ բարձունքից ցած գլորել կա՛մ հասցնել այնտեղ, ուր լինել անգամ չէիր էլ երազել: Իմ դեպքում հիասթափությունը հաղթեց ինձ: Չգիտեմ, գուցե կորուստն ինձ հաղթեց, գուցե ցավը կամ գուցե ոչինչ էլ չհաղթեց, բայց ես պարտվեցի…

*****

Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, բայց մի օր նա համաձայնեց ինձ հետ թեյել, երևի պատճառը ցուրտն էր… Մենք մտանք տաք սրճարան ու տեղավորվեցինք ամենահարմար սեղանի շուրջ: Նրանով հիանալու անսպառ ցանկությունն ինձ անզոր էր դարձնում հայացքս մեկ վայրկյան անգամ նրանից հեռացնելու: -Գանգուր մազերդ ումի՞ց ես ժառանգել: Սա ամենահիմար հարցն էր, որ կարող էի տալ, ինչը վստահաբար մի փոքր անփորձ լինելուս հետևանքն էր: -Իսկ դա քեզ իրո՞ք այդքան հետաքրքրում է,- Էդգարն ինձ զգուշացրել էր, որ նա այնքան էլ անմիջական չէ, իսկ երբեմն էլ այնքան բարդ է լինում, որ գրեթե անհնար է դառնում նրան հասկանալը,- մայրիկիս տատիկն է գանգրահեր եղել: Եթե այս հարցին չպատասխաներ, չգիտեմ՝ հետո ինչ էի ասելու: Երբեք աղջկա կողքին այսքան չէի լարվել: -Դրանք ամբողջացնում են քո արևային կերպարը: -Արևայի՞ն, ինչու՞ արևային: -Որովհետև քեզնից միայն ջերմություն ու լույս է ճառագում, չնայած ես այսքան ժամանակ միայն սառնության եմ արժանացել: -Դու ինձ պարզապես չես ճանաչում: -Իսկ դու չես էլ թողնում, որ ճանաչեմ: -Ես ի՞նչ է, ձե՞ռքդ եմ բռնել: -Ինչու՞ ես ինձ հետ այդքան կոպիտ: -Կարծում ե՞ս քո նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: -Ուզում ես ասել, որ դա քո բնավորությու՞նն է: -Ես հայրիկիս եմ նման, նա սառն է ինչպես այսբերգ:

-Բոլորի՞ նկատմամբ: -Դե, բացի այն մարդկանցից, ում սիրում է… «Բացի այն մարդկանցից, ում սիրում է»… Մինչև այսօր հիշում եմ, թե ինչպիսի հպարտությամբ նա սա ասաց: Դե իհարկե… քչերին է հաջողվում արժանանալ համառ ու սառը մարդկանց ջերմությանը: Բայց Լիլիթս, չէ՛, նա արև է, նա ջերմություն է: Գուցե նրա սրտում սառնություն է տիրում, բայց աչքերը… աչքերն ասես վառարաններ լինեն: Ես սիրահարվեցի նրան ու միաժամանակ սիրահարվեցի այն ամենին, ինչը կապ ուներ նրա հետ ու նրան էր հիշեցնում… Սարյան փողոցը, ծաղկի խանութը, անգամ մի ժամանակ ինձ նյարդայնացնող, խանութի դռանը փակցված «Open» գրվածքով ցուցանակն էր սկսել ինձ դուր գալ:

*****

Գիտեմ՝ հիմա ինչ էլ պատմեմ չես առարկի, թեև մեծագույն երազանքսձայնդ լսելն է։ Բայց թող մի հեքիաթ պատմեմ, հեքիաթ մի տղայի մասին, ով ամբողջ կյանքում ատեց սուրճը, բայց մի օր երջանկություն գտավ մեկ բաժակ սուրճի մեջ։ Մի տղայի մասին, ով սովորեց խաղալ կյանքում, բայց դարձավ իրական հենց քո կողքին։ Նրա մասին, ով փոքր ժամանակ մի ամբողջ օր լաց եղավ կոտրված խաղալիքի համար, բայց մի օր ակամայից հասկացավ, որ ներքին կոտրվածքն ավելի ցավոտ է։ Ով սեփական սրտխփոցն անգամ չնկատելով՝ մի օր սկսեց ապրել քո սրտի ձայնը ընդմիշտ լսելու երազանքով։ Ում համար կյանքը կանգ առավ այն պահին, երբ սիրտդ դադարեց զարկել, ու ով նորից ապրեց, երբ կյանքի հույս նշանակող այդ զարկերը նորից լսվեցին։ Հեքիաթ մի տղայի մասին, ով սիրեց ամեն բան, երբ սկսեց դրանց նայել քո աչքերով… Այս հեքիաթը նման չէ բոլոր այն հեքիաթներին, որոնք քեզ պատմել են։ Այս հեքիաթը չի սկսվում հանրահայտ տողերով ու ոչ էլ ավարտվում երեք խնձորով։ Սա իմ ու քո հեքիաթն է։ Հեքիաթ, որն անավարտ է…

*****

Արև… Այն ինչի կարիքը բոլորս ունենք, ու որի բացակայությունը երբեք աննկատ չի մնում: Ջերմություն, որ միայն արևից ենք ստանում ու լույս, որով լուսավորվում է անգամ խավարը: Նա ժամանակ առ ժամանակ լքում է մեզ, բայց երբեք իր կամքով չի հեռանում: Արևի նման էիր ինձ համար… Քեզնով էի ջերմանում ու լուսավորվում… Ու չնայած մենք երբեմն կորցնում ենք Արևը, մեկ է, ակամայից պտտվում ենք նրա շուրջը: Մեր բաժին արևը երբեք մեզնից չի հեռանում․

Ամեն անգամ նայում եմ քեզ ու հասկանում, որ կորցրել եմ…իրոք, երջանկության քաղցրությունը միայն կորցնելուց հետո ենք զգում: Հիմա քայլում եմ այն նույն ծառուղով, որով միշտ միասին էինք քայլում… որտեղ միշտ երջանիկ էինք: Գիտե՞ս այստեղ ամեն ինչ նույնն է, միայն դու ես պակասում… Հիշում եմ ինչպես էիր ինձ գրկում ու բարձրացնում, թևեր տալիս… Հիշողություններիս ամենախորքից լսում եմ իմ զվարթ ճիչը: Հիշում եմ թե ինչպես խոստացանք հավերժ սիրել իրար ու միշտ միասին լինել… Նայում եմ այն նույն ծառին, որի վրա մակագրեցինք խոստումը… Ես խոստումս չեմ դրժել… Ես քեզ առաջվա նման սիրում եմ… Չէ~, պաշտում եմ… Գիտե՞ս խոստումները չեն դրժում…

*****

Եվ հանկարծ կյանքը վերածվում է սպասման: Սպասում օրվա վերջին, սպասում հանգստյան օրերին: Սպասում ենք ամռանը, սպասում, որ նա քեզ կսիրահարվի: Սպասում ենք բաների, որ պետք է սկսվեն, և բաների, որ վերջ կտան ամեն ինչին: Երբեմն սպասման հետ մոռանում ենք, որ մենք հավերժ չենք ապրելու…երևի դա էլ այն հույսն է, որ հավերժ չենք սպասելու: Ուղղակի պետք է հասկանալ, որ կյանքը մեզ տրված է, որ դուրս գանք ու ստանանք և ոչ թե նստենք ու սպասենք…

*****

Բոլոր երազանքները չէ, որ կատարվում են ու մեր բոլոր պատկերացումները չէ, որ իրականություն են դառնում: Միշտ չէ, որ այն ինչ մենք ուզում ենք, մեզ իսկապես պետք է: Խուսափում ենք դժվարություններից, բայց ամենուր բղավում, թե «ոչինչ հեշտությամբ չի տրվում»: Տրվում է, իհարկե տրվում է, բայց այն ինչ ձեռք ենք բերել հեշտությամբ, հենց այդպես էլ կորցնում ենք: Միայն դժվար ճանապարհներն են տանում դեպի գեղեցիկ հանգուցալուծումներ…

*****

Մրսում ես, մրսում ես, եթե նույնիսկ նստած ես տաք սենյակում՝ բուխարու կողքին, ու անգամ ծածկոցը չի կարող քեզ տաքացնել, որովհետև դու այդ ջերմության կարիքը չէ, որ ունես: Դատարկ է, դատարկ է կյանքդ, ու շրջապատող աշխարն այն չի կարող լցնել, քանի որ բացակայությունը նրա՝ ներսումդ է: Տխուր ես, ու տխրությունդ ջնջելն անհնար է դարձել: Ժպտում ես, դե… կեղծ է, մինչ դեռ խոստացել էիր անկեղծ լինել: Բայց դու ուժեղ ես, չէ՞ որ, մի ժամանակ չափազանց ուժեղ ես սիրել…

*****

Բայց ես նրան չեմ սիրում, ու ոչ էլ՝ ինքը: Մենք այդպես էլ չկարողացանք սիրել իրար ու այդպես էլ չհասանք նրան, ինչի համար այդքան ջանասիրաբար պայքարում էինք: Դե… պայքարը քիչ էր, սիրել էր պետք: Իսկ սիրո համար անհրաժեշտ ուժի ու էներգիայի պակաս վստահաբար ունեինք: Մեր պայքարն էլ կանվանեմ հայացքային, չէ՞ որ, սահմանափակվեցինք միայն հայացքներով, երբեմն էլ՝ անպատասխան հայացքներով… Ամեն բան մի կողմ դնելով, ամեն ինչ անտեսելով՝ շարունակում էինք պայքարել: Բայց զուր, քանզի… սիրել էր պետք: Բայց… ես նրան չեմ սիրում ու ոչ էլ` ինքը…

*****

Մետրոն, մեր մետրոն, այն նույն մետրոն, որից չուշանալու համար ստիպում էիր վազել ու ծիծաղս սրահով մեկ տարածել՝ չնկատելով, որ այդպես ինձ ավելի երջանիկ ես դարձնում: Այն մետրոն, որտեղ մեր հայացքներն առաջին անգամ հանդիպեցին, ու այն նույն ժետոնը, որ ծանոթության պատճառ դարձավ: -Կներե՛ք, սա Ձերն է… Դուք… Դուք շատ գեղեցիկ եք: -Շնորհակություն: -Կոմպլիմենտի՞, թե՞ ժետոնի համար: -Վերաբերմունքի: Այո՛, այն վերաբերմունքի, որից չորացած վարդն անգամ կկենդանանար, այն մարդ տեսակի, որն այդպես էլ ոչ մեկի մեջ չգտնելով՝ վերագտա հենց իմ մեջ: Այսօր կրկին ուշանում եմ ու կրկին վազում, բայց այսօր ինձ երկու բան է պակասում: Ծիծաղս, որն այդքան շատ էիր սիրում ու… ԴՈւ… Մետրոն, մեր մետրոն, այն մետրոն, որին այս անգամ չհասա…

*****

Երևի ավելորդությունը գիտակցում ես հենց այն ժամանակ, երբ զգում ես, որ ձեռքդ դրան չի հասնում, ու ետ ես կանգնում դրա համար քո պատկերացումներում համառ պայքար մղելուց հետո միայն: Ու որովհետև հոգնում ես պայքարելուց, հանձնվում ես: Բայց հանձնվում ես ինքդ քեզ համար, քո մեջ, քո մտքերում, իսկ ուրիշներին դեմ տալիս հոգուդ ուժեղ կողմն ու երբեմն էլ առիթից օգտվելով՝ մի փոքր ընդգծված պարծենկոտությամբ կրկնում՝ ԴԱ ԻՆՁ ՊԵՏՔ ՉԷՐ: Կրկնում ես, կրկնում, հուսալով ու ինքդ քեզ հավատացնելով, որ ձեռքդ երկար էր, դու չձգվեցիր: Մինչդեռ եղունգները խազեր են թողնում…

*****

Մարդ տեսակը ամեն ինչի ընդունակ է, ամեն ինչ գիտի, բացի մի բանից` գնահատելուց: Մենք ուտելիք ունենք, հոսող ջուր, մինչդեռ հազարավոր մարդիկ կարոտ են մի գրամ ջրի, մի կտոր հացի: Մենք վայելում ենք մեզ շրջապատող աշխարհը, հիանում դրա գեղեցկությամբ, երբ շատերը երազում են տեսնել արևի լույսը: Մենք ազատ շարժվում ենք, բայց կան մարդիկ, ովքեր ապրում են այն հույսով, որ մի օր իրենց հետ էլ հրաշք կլինի, իրենք էլ կքայլեն ու ազատորեն կօգտագործեն իրենց ոտքերը, իսկ մենք չենք նկատում այդ հրաշքը: Մենք բողոքումում ենք, թե օդը մաքուր չէ, ու դա այն պարագայում, երբ ինչ որ մեկը իր վերջին շունչն է անում, այն շունչը որը էլ երբեք չի արտաշնչելու: Ու մենք շարունակում ենք ասել, թե «լավ կլինի» չհասկանալով, որ ամեն ինչ արդեն շատ լավ է…

*****

Ու երբեք էլ չհամակերպվեցիր բարդ բնավորությանդ հետ՝ ամեն անգամ ինքդ քեզ արդարացնելով, որ պարզությունն անհետաքրքիր է: Նեղանում ես մարդկանցից, բոլորից… ամբողջ աշխարհից ու գնում քնելու, թեև ցերեկները քնելու սովորություն չունես: Բարկանում ինքդ քեզ վրա, նյարդայնանում տեսակիցդ: Քեզ թույլ զգում ու որոշում, որ պիտի ապացուցես մարդկանց, բոլորին… ամբողջ աշխարհին, բայց ապացուցելու բան չունես: Ուզում ես քայլել ամառային կիզիչ արևի տակ, չնայած անձրևային զբոսանքի սիրահար ես: Գնալ, հեռանալ, անմարդաբնակ մի կղզի գտնել, ուզում ես փախչել մարդկանցից, բոլորից… ամբողջ աշխարհից, կառուցել մի խրճիթ,

որտեղ քեզ մենակ չես զգա, որտեղ քեզ կզգաս ինչպես տանը ու որտեղ քեզ ոչ ոք չի գտնի: Որտեղ ոչ ոք չի խանգարի հարյուր անգամ անընդմեջ լսել սիրելի երգը, դիտել արդեն նայած ֆիլմերը ու կարդալ գրքեր՝ ընդգծելով արդեն ընդգծված տողերը: Երբեմն էլ քայլերդ քեզ մարդաշատ ու աղմկոտ այգի են տանում, ուր զարմանալի կերպով քեզ հարմարավետ ես զգում: Հետո տրվում զգացմունքներին, այցելում հիշողությունների աշխարհ ու այնքան անօգնական դառնում, որ ստիպված դիմում ես արցունքների ուժին: Բայց անկախ ամեն ինչից չես հանձնվում ու չես կոտրվում ո՛չ քո, ո՛չ մարդկանց ու ո՛չ էլ ամբողջ աշխարհի առաջ…

*****

Ընկերներ կան՝ գինու նման են, մի որոշ ժամանակ թողնում ես նրանց, բայց միշտ հիշում իրենց մասին, իսկ հետո փորձում ես ու հասկանում, որ հիմա վստահաբար ավելի լավն են: Ընկերներ կան, որոնց հանդիպում ես պատահաբար, քո կամքից անկախ, ուղղակի հայտնվում են քո կյանքում ու դառնում նրա մի մասնիկը: Բաժակի ընկերներ էլ կան, որոնց հետ արժի ուտել, խմել, բայց ոչ երբեք անկեղծանալ ու սիրտդ բաց անել: Ընկերներ կան, որ նույնքան աննկատ հեռացան, որքան աննկատ որ եկել էին: Մի քանիսն էլ կարծում էին, թե կյանքդ դիմակահանդես է, իրենց համար լավագույն կերպարն էին ընտրել, բայց ինչու երկու երես, երբ մեկն էլ բավական է մարդ լինելու համար: Ընկերներ կան՝ տրամադրություն են, երբեմն վառ ու լուսավոր, երբեմն էլ անգույն ու ծիածանից շատ տարբեր: Մանկության պարգև ընկերներ էլ կան, որոնք արդեն պարզապես ընկերներ չեն, այլ հարազատ մարդիկ: Ու կա ընկերություն, որի ավարտի մասին ինքդ քեզ չես ուզում խոստովանել…

*****

Քեզ թողնելուց առաջ է, որ ամենագեղեցիկ խոսքերն են շռայլում, լավագույն հաճոյախոսություններն անում, ստիպում ծիծաղել, քեզ երջանիկ զգալ, անիրական կարևորությունդ գիտակցել ու պատրանքով ապրել մինչև այն պահը, երբ քեզ վերջնական լքում են։ Առանց ավելորդ խոսքերի, առանց ավելորդ բացատրությունների, լքում են ու վերջ։

Ու նույնիսկ ինքդ քեզ հազարավոր տարաբնույթ հարցեր տալուց հետո պատասխանը չես գտնում։ Որովհետև պատասխան չկա, որովհետև այդպես է, լքում են ու վերջ։

Քեզ լքում են, երբ երջանկությանդ պիկին ես հասնում։ Անսահմանության մեջ ճախրում ես, սեփական անսահմանությունդ ստեղծում, ակամայից ներսումդ գոյություն ունեցող ողջ բարությունը ակնհայտ դարձնում ու չես էլ գիտակցում, որ այս ամենը միայն մի տեղ է տանում՝ լքում։ Լքում են, երբ ամենաշատը չես սպասում։ Լքում են, երբ ամենաշատն ես կարոտում։ Լքում են ու թողնում վհատության ու հուսահատության ուղիղ մեջտեղում։ Լքում են ու վերջ։

*****

Ամեն օր աչքերդ բացելով ու պատուհանից դուրս նայելով՝ հասկանում ես, որ արևածագի սիրահար լինելով՝ այսօր էլ արթնացար այն ժամանակ, երբ արևն արդեն տաքացրել էր Երկիրը։ Ու, երբ նորից հայտնվում ես մտքերի հորձանուտում, մի ակնթարթ նախանձում ես Երկրին, որ նա ջերմացնող ունի, իսկ դու նորից մենակ արթնացար։

Մի կարճ հայացք ես ձգում դեպի ժամացույցն ու մտածում. <<Իսկ եթե այսօր ուշանա՞մ…>>, հենց այդ պահին էլ ներքին անախորժ մի զգացողություն ստիպում է քեզ հիշել, որ հոգնել ես սեփական ճշտապահությունիցդ։ Հոգնել ես հանդիպումներում միշտ սպասողի դերը ստանձնելուց։ Եվ ընդհանրապես, ամեն դրական բան տաղտուկ է, ծանր ու նույնիսկ տաժանելի։ Ու արդեն խորը ցավով հիշում, որ նրա մեջ հենց բացասականն էիր սիրում։

Ձեռքի մի շարժումով ազատվում ես վերմակիդ ծանրությունից, մոտենում հայելուն ու ամեն օրվա նման մնում այն նույն կարծիքին, թե առավոտյան ավելի գեղեցիկ ես։

Հագնվում ես, ուղղում ճերմակ վերնաշապիկիդ օձիքն ու հպարտանում դրա ողորկությամբ։ Արդուկ անելն, իսկապես որ, քեզ մոտ լավ է ստացվում։ Ամրացնում ես ամենասիրելի ապարանջանդ, որ պայուսակիդ գույնն ունի։ Վերցնում ես անակջակալներդ ու նոթատետրդ, առանց որոնց կյանքն այլ գույներ կունենար…

Իսկ երբ արդեն ձեռքդ գցում ես, որ վերցնես պայուսակդ ու դուրս գաս տանից, հիշում ես, որ մի կարևոր բան ես մոռացել։ Վերադառնում ես, նորից կանգնում հայելու առաջ և միանգամից հասկանում, թե ինչն է պակաս։ Ախր դա այնքան ակներև է։ Մոռացել ես ժպիտդ <<հագնել>>։ Իսկ, երբ ներքին մի հանգստություն ես զգում, որ գուլպաներիդ նման չես փնտրելու, այն ակամայից հայտնվում է դեմքիդ։ Մի վերջին հայացք ես գցում քեզ վրա ու դուրս գալիս։

Այսօր էլ, ամեն օրվա նման, չես ուշանում։ Հայտնվում ես ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Գիտակցում, որ այս օրն էլ չտարբերվեց այն անցած միապաղաղ օրերից ու հույսը չկորցնելու սկզբունքով հիշեցնում ինքդ քեզ, որ օրը դեռ նոր է սկսվել․․․․

Աղբյուրը՝ Անի Կարապետյան

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s