19-րդ դար ազատագրում

Իրադրությունը Արևմտյան Հայաստանում կտրուկ փոփոխություններ է կրել 19-րդ դարում։ Մի կողմից՝ օսմանյան բռնապետական լծի դեմ բռնկած ազգային–ազատագրական հուժկու շարժումը Բալկաններում և 19-րդ դարի ռուս–թուրքական պատերազմները, ազգային ինքնագիտակցության զարթոնքը և օսմանյան դժնդակ տիրապետությունը թոթափելու ձգտումը, մյուս կողմից՝ դրան հակազդելու թուրքական կառավարության ջանքերը վատթարացրել են արևմտահայության կացությունը։ 1828-1829 թվականին ռուս–թուրքական պատերազմը եզրափակած Ադրիանապոլիսի հաշտության պայմանագրով 1829 Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցել են ռուսական տիրապետության տակ, և ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից շուրջ 90 հազար հայեր գաղթել են Արևելյան Հայաստան, որի հետևանքով Արևմտյան Հայաստանը տնտեսական անկում է ապրել, հօգուտ իսլամադավան տարրի փոփոխվել է նրա ժողովրադագրական պատկերը։

1820-1830-ական թվականներին Օսմանյան կայսրությունում ստեղծված ծանր կացությունը կառավարող վերանախավի առաջադիմականորեն տրամադրված տարրերին հարկադրել է քայլեր ձեռնարկել վարչակարգի եվրոպականացման ուղղությամբ։ 1839 թվականին Թանզիմաթի առաջին ակտով (Գյուլհանեի հաթթը շերիֆ) նախատեսվել է, անկախ կրոնական պատկանելիությունից, բոլոր հպատակների անձի, ունեցվածքի, պատվի անձեռնմխելիություն, հարկերի գանձման կապալային համակարգի վերացում և հարկերի կարգավորւմ, ֆինանսների վարչության, դատավարության բարելավում և այլն։ Սակայն, հանդիպելով մուսուլմանական հետադիմական շրջանների կատաղի դիմադրությանը, այդ բարեփոխումները մնացել են թղթի վրա։ Ղրիմի պատերազմի ժամանակաշրջանում առաջացած ճգնաժամային նոր կացությունը, Անգլիայի, Ֆրանսիայի ու Ավստրիայի գործադրած ճնշումը սուլթանական կառավարությանը ստիպել են 1856 թվականին փետրվարի 18–ին հրապարակել Հաթթը հումայունը, որը, կրկնելով հանդերձ Հաթթը շերիֆը, լրացուցիչ իրավունքեր էր վերապահում քրիստոնյաներին։ Սակայն հետագա հողային, վարչական և մյուս օրենքերը ոչ մի փոփոխություն չեն մտցրել Արևմտյան Հայաստանի հասարակական–տնտեսական վիճակի մեջ։

Արևմտահայերի կյանքում կարևոր իրադարձությունն էր Ազգային սահմանադրության 1860 ստեղծումը, որը կոչված էր կարգավորելու և վարելու արևմտահայերի կրոնական, կրթական, հասարակական կյանքը։

1877-78 թվականների ռուս–թուրքական պատերազմը, Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը և Բեռլինի պայմանագիրը 1878 նոր իրավիճակ են ստեղծել Արևմտյան Հայաստանում։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրի 61–րդ հոդվածներով միջազգային դիվանագիտության հարցի է վերածվել Հայկական հարցը։ Այս հանգամանքը՝ մի կողմից, Բուլղարիայի ազատագրումը և Եվրոպայից Օսմանյան կայսրության փաստական դուրս մղումը՝ մյուս կողմից, օսմանայան թուրքերի առջև ծառացրել են սեփական հայրենիք ստեղծելու միտումը և նրանց հայացքը դարձրել դեպի կայսրության արևելյան ծայրերը, հատկապես՝ Արևմտյան Հայաստան։ Օգտվելով եվրոպական մեծ տերությունների միջև գոյություն ունեցող քաղաքական հակասություններից՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ը վիժեցրել է բարեփոխումների անցկացումը զանազան ստապատիր պատրվակներով և իբր թե ամբողջ կայսրությունում բարեփոխումներ անցկացնելու մտադրությամբ։ Իրականում սանձազերծվել է հակահայկական հիստերիա, մշակվել Հայկական հարցը հայերի տեղահանության ու կոտորածների միջոցով լուծելու քաղաքական հեռագնա ծրագիր։ Այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը եղել է քրդական համիդիե հեծելագնդերի ստեղծումը 1891, այնուհետև ծավալվել են հայկական կոտորածները 1894-1896 թվականներին, որոնց զոհ են գնացել ավելի քան 300000 արևմտահայեր։

Ազատագրական պայքար

Ի հակադրության սուլթանական կառավարության՝ արևմտահայերի նկատմամբ կիրառած վայրագ բռնությունների, սկզբնավորվել է ֆիդայական շարժումը՝ որպես ազգային–ազատագրական պայքարի յուրատեսակ ձև Արևմտյան Հայաստանում։ 1890 – ական թվականներից արևմտահայության ազգային–ազատագրական պայաքարը ղեկավարել են նորաստեղծ ազգային – քաղաքական կուսակցությունները Արմենական, Սոցիալ–դեմոկրատական հնչակյան և Հայ հեղափոխական դաշնակցություն։ Բայց գործողությունների անհամաձայնեցվածությունը, ներկուսակացական և միջկուսակացական երբեմն բուռն պայքարը, արևմտահայության շերտընդմեջ բնակեցվածությունը մուսուլմանների հետ, որոնց թիվը գնալով ավելանում էր Եվրոպայից արտաքսված մուհաջիրների և Կովկասից գաղթած չերքեզների հաշվին, մեծապես դժվարացրել են արևմտահայության ազգային–ազատագրական պայքարը, որը այնպես էլ համընդհանուր ապստամբական շարժման չի վերածվել։

Թվում էր, թե 1908 թվականին երիտթուրքերի հեղաշրջումը, որ իրագործվեց ազատություն, հավասարություն, եղբայրություն նշանաբանով, և որի հաջողությանը մեծապես սատարեց Հայ հեղափոխական դաշնակցությունը, պետք է արմատապես հեղաբեկեր հպատակ ժողովուրդների կացությանը, բայց Ադանայի հայերի կոտորածը 1909 վկայեց, որ երիտթուրքերը Աբդուլ Համիդ II-ի քաղաքականության ընթացքի հավատարիմ հետևորդներն են։ 1911 թվականին երիտթուրք պարագլուխների Սալոնիկի գաղտնի խորհրդակցությունը վճռել է Հայկական հարցը լուծել հայերին բնաջնջելով։

1912-13 թվականներին Բալկանյան պատերազմների ընթացքը և արևմտահայերի համար ստեղծված մղձավանջային կացությունը ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե–ին հարկադրեց դիմել ռուսական կառավարությանը և վերստին բարձրացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը։ Ռուսական կառավարության ներկայացրած բարենորգումների ծրագիրը դարձել է դիվանագիտական երկարատև սակարկումների առարկա։ 1914 թվականին հունվարի 26–ին ստորագրված ռուս–թուրքական համաձայնագրի համաձայն՝ Արևմտյան Հայաստանում ստեղծվելու էին երկու հատվածներ, որոնցից մեկն ընդգրկելու էր Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի Սվազ, մյուսը՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները, իսկ դրանց գլուխ կարգվող եվրոպական երկու ընդհանուր տեսուչները հետևելու էին բարենորոգումների ընթացքին։ Սակայն վերահաս առաջին համաշխարհային պատերազմը ի չիք դարձրեց այդ համաձայնագիրը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s