Սելջուկ թուրքեր

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s